Արցախի Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հանրապետական բժշկական կենտրոնի անձնակազմի հետ
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին այցելել է Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել հաստատության բժշկական անձնակազմի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է կենտրոնի աշխատանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախագահն ընդգծել է, որ հանրապետական բժշկական կենտրոնը հանդիսանում է մեր երկրի առաջատար բժշկական հաստատությունը, ինչը պարտավորեցնում է անձնակազմին՝ մշտապես կատարելագործել մասնագիտական ունակությունները և բժշկական օգնության ու սպասարկման որակը՝ հավելելով, որ պետությունը շարունակելու է ըստ ամենայնի աջակցել կենտրոնին:
Նույն օրը Նախագահն այցելել է նաև հանրապետական բժշկական կենտրոնի հարակից տարածքում կառուցվող նոր ծննդատան շինհարթակ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Նախագահին ուղեկցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք: