Դավիթ Հարությունյանը կաշկանդվում է ԶԼՄ-ների ներկայությամբ բանավեճի մեջ մտնել գործընկերների հետ
«Արդյոք հիշո՞ւմ եք դեպք, երբ կառավարության անդամներից որևէ մեկը որևէ նախագծի դեմ է քվեարկել և պահանջել է, որ դեմ քվեարկեն դրան: Ես կարծում եմ, որ դրա մեղավորը նախարարները չեն, դուք հաշվի չեք առնում գործադիր իշխանության առանձնահատկությունները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախաձեռնությանը:
Ըստ նրա` երբ նիստերը դռնփակ էին, 4-6 ժամ էին տևում, իսկ այսօր մոտ 1 ժամ են տևում, փաստացի բանավեճ տեղի չի ունենում, այդ թվում` ինքը, ոչ պակաս կաշկանդվում է ԶԼՄ-ների ներկայությամբ բանավեճի մեջ մտնել գործընկերների հետ. «Կառավարության նիստում ես անգամ չեմ զգում՝ կա՞ հակասություն այս կամ այն մարմնի միջև: Ես այդ հակասությունը չեմ տեսնում, որպեսզի կարողանամ արտահայտել իմ դիրքորոշումը»:
Հարցին, թե ինչո՞ւ 1 տարի առաջ նման նախաձեռնություն չէր ներկայացվել, Դ.Հարությունյանը պատասխանեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է դեմ արտահայտվել նիստերը դռնփակ անցկացնելուն. «Հովիկ Աբրահամյանը մտահոգ էր, որ հասարակությունն ու լրատվամիջոցները դա չեն ընկալի»: