Տարաձայնություն կոալիցիայում. ՀՅԴ-ն առաջարկում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը, ՀՀԿ-ն դեմ է

Հայ Հեղափոխական դաշնակցությունն առաջարկում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը, սակայն կոալիցիոն գործընկերը` Հանրապետականը, դեմ է դրան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջամարտիկը միշտ եղել է Դաշնակցությունը` կապված համամասնական ընտրակարգի անցնելու խնդրի հետ»,- ասաց Ա.Ռուստամյանը` վստահեցնելով, որ իրենք երբեք չեն հրաժարվել իրենց մոտեցումներից, բայց տուրք տալով համախոհությանը 4+4+4 ձևաչափով քննարկումների ժամանակ՝ համաձայնել են այդ տարբերակին:

«Բայց առաջարկվող ռեյտինգային ձևը մեզ համար անընդունելի էր։ Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք մեր կոալիցիոն գործընկերոջը։ Այսինքն` իրենց համար զարմանալի չի, որ մենք դեմ ենք գործող կարգին»,- ասաց Ռուստամյանը` նկատելով, որ խնդիրն այն է, թե ինչպիսի կարգի պետք է անցնել:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ կոալիցիան պետք է կատարելագործի Ընտրական օրենսգիրքը, որը դասականից շեղում է, քանի որ ռեյտինգը պետք է վերաբերի անձանց, ոչ թե տարածքների. «Մեզ մոտ տեղի է ունենում սկզբում՝ տարածքների ռեյտինգավորում, հետո՝ դրա մեջ բաշխում՝ ըստ տարածքների ձեռք բերած ձայների, որն առաջացնում է այնպիսի անարդարություն, որը դուք այսօր տեսնում եք: Սա անարդար է»:

Տեսանյութեր

Լրահոս