«Մեր հասարակությունն է ծնել այս իշխանությանը». Արարատ Զուրաբյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի կարծիքով՝ Հայաստանում քաղաքական նոնսենս է ստեղծվել։ «Այսպիսի իրավիճակ է՝ ԱԺ նախագահը չի կարող ենթակա լինել վարչապետին, և նրան կից ստեղծվող մարմնի անդամ լինել չի կարող։ Նոնսենսն այն է, որ Անվտանգության խորհուրդը պետք է լիներ նախագահին կից, որտեղ գնային թե՛ ԱԺ նախագահը, թե՛ վարչապետը։ Լուծում չի գտնվել, և տրամաբանությունից դուրս է, որ ԱԺ նախագահը կարևորագույն հարցերի ընդունմանը չի մասնակցելու»,- այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց պատգամավորը։
Հայաստանում ստեղծված իրավիճակի մեղավորը, ըստ նրա՝ միայն իշխանությունը չէ, հասարակությունն էլ է մեղավոր.
«Ամեն ինչ սկսվում է ընտրություններից, քաղաքական մարդկանց առկայությունից։ Տարիներ առաջ քաղաքականությամբ զբաղվում էին մարդիկ, որոնք ուղնուծուծով քաղաքական էին, և ինչպիսին էլ լիներ համակարգը, ցանկացած հարցի վերաբերյալ առկա էր քննարկում։ Հիմա քաղաքական մարդկանց սակավություն է Հայաստանում, և քաղաքական քննարկումը նույն իշխող համակարգի մոտ հնարավոր չէ։ Խոսում ենք կոռուպցիայի մասին, բայց մեր հասարակությունը, եթե պատրաստ է գնալ և ինչ-որ վճարի դիմաց ընտրության մասնակցել, սա համատարած նեգատիվ ֆոն է, որն էլ և ծնում է նման իշխանություն, նման համակարգ։ Այսինքն՝ պետք է փոխվի ոչ միայն մեր իշխանությունը, պառլամենտը, այլ ընդհանրապես մեր հասարակությունը։ Մեր հասարակությունն է ծնել այս իշխանությանը»։
Հարցին, թե ո՞ր ժամանակահատվածի մասին է խոսում, երբ ասում է, որ քաղաքականությամբ զբաղվում էին քաղաքական մարդիկ, և արդյո՞ք Սերժ Սարգսյանը քաղաքական գործիչ է, նա այսպես պատասխանեց.
«ՀՀ-ն ընդամենը 30 տարվա ճանապարհ է անցել, և քաղաքական առումով այդ ճանապարհի առաջին տասնամյակն ավելի բարվոք վիճակում է եղել, և եղել է քաղաքական մարդկանց, քաղաքական բախումների, վեճերի հարթակ։ Դրանից հետո, երբ Հայաստանում նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, այս պրոցեսը գնալով սկսեց վերանալ, և մենք հիմա ունենք այն, ինչ ունենք։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, նա քաղաքական անձ է, անցել է երկար ճանապարհ, բայց նրա քաղաքական թիմում խնդիր կա. Աստված մի արասցե, Սերժ Սարգսյանը հիվանդանա, հեռանա պաշտոնից, ՀՀԿ-ն կանգնելու է մի իրավիճակի առջև, որը պատ է։ Կարո՞ղ ենք ասել, որ ՀՀԿ-ում կա անհատ, որը հավակնում է ինչ-որ մի օր Սերժ Սարգսյանին փոխարինել։ Մի օր նրանք այդ հարցի շուրջ կանգնելու են, և այդ համակարգի փլուզումն այդպես է տեղի ունենալու, որովհետև նույն Հանրապետականը վերացրել է քաղաքական համակարգը»։