«Հիմա ուժային կառույցներն աշխատելու են անձամբ վարչապետի ենթակայության տակ». Արմեն Բաղդասարյան

«Եթե նայում ենք հիմնական ցուցանիշները, որոնք այսօրվա դրությամբ ընկալվում են որպես կոռուպցիայի մակարդակը ցույց տվող ադեկվատ ցուցանիշներ, ապա 2003 թվականից մինչև հիմա Հայաստանում որևէ էական փոփոխություն չի եղել։ Մեզ մոտ իրավիճակը շատ ավելի վատ է, քան շատ այլ երկրներում»,- այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Իշխանության գերկենտրոնացում. ինչո՞ւ է ՀՀ-ում ստեղծվում «սուպերվարչապետական» համակարգ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն հ/կ-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար օգտակար կլինի վերցնել կոռուպցիայի դեմ պայքարի ժողովրդավար երկրների փորձը՝ սկսելով թափանցիկ և ազատ ընտրություններից, քան փորձել նորից ինչ-որ լուծումներ գտնել՝ ավելի կենտրոնացնելով կառավարման համակարգը. «Այսինքն՝ կոռուպցիայի տեսանկյունից՝ չեմ կարծում, որ լավացում կլինի՝ այսպիսի կենտրոնացման պայմաններում»։

Քննարկման մյուս բանախոս, քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն էլ նկատեց՝ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին տարեկան միջին հաշվով 40-45 հազար մարդ է արտագաղթում.

«Ես չգիտեմ՝ 10-20 տարի հետո այստեղ ընդհանրապես մարդ կլինի՞, թե՞ ոչ։ Պատրանքներ պետք էլ չէր էն գլխից ունենալ. բոլորի համար էլ պարզ էր, թե ինչի համար էին արվում սահմանադրական փոփոխությունները, բոլորն էլ հասկանում էին, որ Սերժ Սարգսյանն ուզում է իր իշխանությունը երկարաձգել։ Իր անցած ուղին եթե նայում ենք, նա ղեկավարել է փակ կառույցներ, հիմա ամրապնդում է պետության միանձնյա ղեկավարի դիրքերը՝ փակ համակարգով։ Նա ամեն ինչ փակելու է։

Ես չեմ կարծում, թե հնարավոր է լինելու կառավարության փակ նիստերի գաղտնիությունը փոխհատուցել խորհրդարանի միջոցով, որովհետև պատգամավորները չեն կարողանալու մասնակցել կառավարության նիստերին։ Երբ նրանք որոշում են կառավարության նիստերը փակ անցկացնել, նրանք դա լրագրողներից չեն փակում, լրագրողներն ընդամենը խողովակներ են, որոնք ինֆորմացիան հասցնում են հասարակությանը, նրանք հասարակությունից են դա թաքուն անում»։

Ըստ նրա՝ Հայաստանում ոչ թե նախագահի ինստիտուտն է վերացվել, այլ վերացվել է վարչապետի ինստիտուտը, ուղղակի անունները փոխել են.

«Հիմա ուժային կառույցներն աշխատելու են անձամբ վարչապետի ենթակայության տակ, և սուպերվարչապետի մոդելն ընդամենն ամրագրվել է»։

Ինչ վերաբերում է  կոռուպցիայի դեմ պայքարին, Բաղդասարյանը չհիշեց մի երկիր, որտեղ կոռուպցիայի դեմ պայքարում են փակ դռների ետևում. «Փակ դռների ետևում ավելի շատ կոռուպցիոն հարցեր են քննարկում, քան կոռուպցիայի դեմ պայքարի։ Որևէ մեկը չի բացատրում, թե ինչու ԱԺ նախագահը չկա Ազգային անվտանգության խորհրդի կազմում, որևէ մեկը չի բացատրում, թե ինչու են ուժային կառույցները ենթարկվում վարչապետին, ոչ թե կառավարությանը։ Այսինքն՝ փակ աշխատաոճն է»։

Տեսանյութեր

Լրահոս