«Ասում են՝ Արամին մանուկի նման բարուրել են, բայց չեն բարուրել՝ պարուրել են». Արմեն Ռուստամյան
«Առաջարկությունների միջից համեմատական լավ առաջարկը, որ մեզ համար էլ ընդունելի է եղել, այս առաջարկությունն է, որ հիմա հրապարակային է դարձել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` խոսելով Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանի համար ներկայացված նախագծի մասին:
Ըստ նրա` ամեն մեկն իր պատկերացումներն ունի, թե ինչ տեսք պիտի ունենա արձանը, բայց մրցույթը եղել է բաց և ՀՅԴ-ի մասնակցությամբ և այստեղ «իշխանության մատը խառը չի», իշխանությունը ոչինչ չի պարտադրել։
168.am-ի հարցին` ընդունելի՞ է ՀՀ դրոշի այդ վիճակը, որը գետնին է հպվում, Ա.Ռուստամյանը չհամաձայնեց. «Նախ` գետնին չի ընկած: Մեկն ասում է` Արամին մանուկի նման բարուրել են, բայց չեն բարուրել՝ պարուրել են, և չի կարելի միայն նկարներով եզրակացության գալ: Ես չեմ հիշում, որ մի արձան լինի, որ Հայաստանում երբևէ դրվել է և բոլորի սրտով է եղել: Անգամ Սասունցի Դավթի արձանի մասին, երբ դրել էին, ամեն ինչ ասում էին: Սա, ասում է, ճաշակին ընկեր չկա, և այդ միտումը գտնելու փորձերը բերել են շատ անառողջ եզրահանգումների, որ կարծում եմ՝ տեղին չէ»: