«Շվեյցարիան կարող է միայն զղջալ, որ հայ-թուրքական համաձայնագրերը չեն իրագործվում». Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ
«Աշխարհաքաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվել վերջին տասնամյակի ընթացքում: Շվեյցարիան կարող է միայն զղջալ, որ այդ համաձայնագրերը չեն իրագործվում, բայց նաև մնում է համոզված, որ միայն խաղաղ գործընթացն է, որ կարող է խաղաղություն ապահովել ամբողջ Կովկասում»,- այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի մասին, որ սկսվել էր Շվեյցարիայում և այժմ տապալման եզրին է:
Ըստ նրա` Հայաստանի և Շվեյցարիայի խորհրդարանական ընտրություններից հետո նոր լիցք կհաղորդվի խաղաղության գործընթացին: Դոմինիկ դը Բյումանը նշեց, որ, իհարկե, արտգործնախարարության գործն է արտաքին քաղաքականությունը, բայց Շվեյցարիայի խորհրդարանի ներսում կա արտաքին գործերի հանձնաժողով, որն ունի որոշակի ազդեցություն, և այդ իմաստով իրենք իրենց բոլոր հնարավորությունները կներդնեն:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հերթին՝ հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված այս ամբողջ գործընթացն անհետք չի անցել, և դա աշխարհին ցույց տվեց 2 երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի մոտեցումներն իրենց ժողովուրդների ապագայի համար. «Մի պետություն, որը տեսել է Ցեղասպանություն, և առաջինը կարող է նախապայմաններ առաջ քաշել, գնում է խաղաղության, գնում է ստորագրման, և մյուսը, որ ցույց տվեց իր ռեգրեսիան ժողովրդավարությունից, և որը տապալեց այդ համաձայնագրերը: Աշխարհը հստակ գնահատեց այս 2 մոտեցումները»: