Պարգևատրումներ՝ Աշոցքում տեղի ունեցած դահուկավազքի մրցաշարի ժամանակ

Փետրվարի 4-ին Աշոցքում տեղի ունեցած դահուկավազքի մրցաշարին մասնակցում էր նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Լոռու մարզպետը, հյուրեր Երևանից, արտասահմանցիներ: Մրցաշարի ընթացքում տեղի ունեցավ նաև պագևատրման արարողություն:

Գավաթներով և պատվոգրերով պարգևատրվեցին Գոհար Ավետիսյանը, Աիդա Գրիգորյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ռոբերտ Գասպարյանը, Անաստասիան, Ելենա Ադամյանը և ուրիշներ:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ երեք մրցանակ էր պատրաստել դահուկավազքի ընթացքում առավել աչքի ընկած երեք մասնակցի համար, ուստի նա հանձնեց իր անձնական մրցանակները:

Վերջում մրցաշարի հաղթողները Պյոտր Սվիտալսկու հետ լուսանկարվեցին:
Շիրակի մարզի Մեծ Սեպասար համայնքի մարզիչներից մեկը, ով նախկին սպորտսմեն է, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս սպորտաձևում արդյունքի հասնելու համար ընդհանուր ֆիզիկական պատրաստվածություն պետք է լինի, քանի որ դահուկավազքը հեշտ սպորտաձև չէ և որ բացի Աշոցքից, Գյումրիում ևս նման մրցույթներ են կազմակերպվել: 

«Երեխաներ կան, որոնք 9-10 տարեկան, անգամ 5 տարեկանից արդեն դահուկավազք են սովորում: Առաջին Օլիմպիադային Շիրակի մարզից մասնակցել է Ալլա Միքայելյանը՝ 1998 թվականին, 2002 թվականին՝ Մարգարիտ Նիկոլյանը կրկին Աշոցքի տարածաշրջանից, Սերգեյ Միքայելյանն՝ Աշոցքից, Հովհաննես Սարգսյանը՝ Գյումրուց, Տատյանա Գալստյանը: Դահուկավազքը թանկ սպորտաձև է, արդյունքներ ունենալու համար ամբողջ տարին պետք է մարզումների մեջ լինես: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն էլ աջակցում է այն մարզիկներին, որոնք ընդգրկվում են օլիմպիական ցիկլում»,-ասաց մեր զրուցակիցը:

Գյումրիում սպորտը զարգացնելու համար անհրաժեշտ է ֆինանսական ներդրումներ կատարել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց երիտասարդ ակտիվիստ Արսեն Վարդանյանը: 

«Իհարկե, սպորտի մի քանի տեսակներ կան, որոնք շատ լավ են զարգացած: Դրանց հետևանքները մենք տեսնում ենք օլիմպիական խաղերից հետո՝ մեդալների, կարգերի տեսքով: Այստեղ հիմնական շեշտադրումը կարելի է անել նաև ձմեռային սպորտաձևերի զարգացման վրա: Ոչ միայն նման բաների անհրաժեշտությունը կա, այլև համայնքային զարգացման տեսանկյունից դրանք շատ կարևոր են: Գյումրիում սպորտի զարգացման խնդիրները միշտ ֆինանսական են, կազմակերպչական հարցերով կարելի է պայմանավորվածություններ ձեռք բերել: Այնուամենայնիվ, փոքր քայլեր միշտ արվում են»,- ասաց Արսեն Վարդանյանը: 

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս