Եվրամիությունը Շիրակում իրականացնում է տնտեսական զարգացումը խթանող ծրագրեր
Եվրամիությունը Շիրակում իրականացրել ու իրականացնելու է ծրագրեր, որոնց նպատակը նոր աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսական զարգացման խթանումն է: Այս մասին փետրվարի 4-ին կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Եթե Եվրամիության ջանքերով արդեն իսկ Գյումրիում գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբացիոն լաբորատորիան, ապա շուտով մեկ այլ շատ կարևոր ծրագիր կյանքի կկոչվի «Հայկական Կարիտաս»-ի հետ՝ օժանդակելով հաշմանդամություն ունեցող երեխաներին:
«Հենց այս ծրագրի շրջանակներում, հավատացած եմ, մոտ ապագայում, Գյումրիում կբացվի հացի արտադրամաս ու սրճարան: Բացի այս, շատ մոտ ապագայում, մարզային զարգացման ծրագրի շրջանակներում, ՀՀ տարածքային զարգացման նախարարության հետ միասին Ամասիայում կյանքի կկոչվի ավելի քան կես միլիոն եվրո արժողությամբ պիլոտային ծրագիրը։
Ունենք նաև 2 մեծ ծրագիր՝ մշակույթի և կրթության ոլորտներում իրականացվելիք:
Մոտ ապագայում նաև 1.5 մլն եվրոյի ծրագիր է իրականացվելու՝ օժանդակելով տեղական համայնքների զարգացմանը. հենց այս ծրագերի շրջանակներում ուզում ենք հատկապես Աշոցքում և Արփիում զարգացնել բացօթյա ակտիվ հանգիստն ու զբոսաշրջությունը»,- նշեց Պյոտր Սվիտալսկին՝
հավելելով, որ սա չի նշանակում, որ Եվրամիության ուշադրությունից այս տարի կվրիպեն Հայաստանի մյուս մարզերը:
Արմենուհի Մխոյան