Բաժիններ՝

Օբամեյանգի «Արսենալ» տեղափոխության գործում մեծ է եղել Մխիթարյանի դերը

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը նշել է, որ անգլիական ակումբ տեղափոխվելու հարցում մեծ է եղել թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դերը: Ինչպես հաղորդում է givemesport.com-ը, Օբամեյանգն ընդգծել է, որ շատ ուրախ է կրկին Մխիթարյանի հետ նույն թիմում հանդես գալու համար:

«Ես իսկապես շատ ուրախ եմ Միկիի հետ նույն թիմում լինելու համար: Նա ինձ համար եղբոր պես է, լավ ընկեր: Մենք անցյալում արդեն միասին խաղացել ենք, և ես շատ ուրախ եմ նրան կրկին տեսնելու համար»,- ասել է Օբամեյանգը:

Հարձակվողը պատմել է, որ Մխիթարյանը մի քանի անգամ զանգել է իրեն ու հետաքրքրվել՝ արդյոք տեղափոխվո՞ւմ է «Արսենալ»: «Ես նրան ասել եմ, որ առաջինն ինքը պետք է ասի պայմանագիր ստորագրո՞ւմ է «Արսենալի» հետ, թե՞ ոչ: Երբ նա ինձ ասաց, որ ամեն ինչ արդեն պատրաստ է, դա մեծ գործոն հանդիսացավ իմ տեղափոխության համար: Ես կարծում եմ, որ մենք միմյանց շատ լավ հասկանում ենք խաղադաշտում և դրանից դուրս: Ահա թե ինչու խաղադաշտում ամեն ինչ ավելի հեշտ կլինի»,- ասել է գաբոնցի հարձակվողը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս