Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

Փետրվարի 2-ին արտգործնախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Նիստին ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ինչպես նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Երևանի քաղաքապետարանի, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի, Հ․ Թումանյանի թանգարանի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչներ:

Նիստի բացմանը Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի՝ 2016-2017 թթ․ աշխատանքները, անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածության առավել խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, 2018-2019թթ. նախատեսվող ծրագրերին։

Հանձնաժողովի անդամները հանդես եկան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում համագործակցության տարբեր բնագավառների վերաբերյալ առաջարկներով։

Նիստի մասնակիցները քննարկեցին միջգերատեսչական փոխգործակցության, մշակութային ժառանգության պահպանման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր տարեթվերի ցանկում առաջարկությունների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակում ընդգրկման համար պատրաստվող հայտերին առնչվող հարցեր»։

Տեսանյութեր

Լրահոս