«Թուրքիան փորձում է ապահովագրել իրեն». Հայկ Գաբրիելյան
«Թուրքիան մշտապես հայտարարում է, որ դեմ է մի երկրի կողմից մյուսի հանդեպ սահմանված պատժամիջոցներին, և նախկինում էլ հայտարարել է, որ չի միացել Իրանի և ՌԴ-ի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին, թեպետ զիջումների էր գնացել, կրճատել էր Իրանից նավթի ներմուծումը»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց ՄԱՀՀԻ ասոցիացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան հայտարարում է, թե իր համար ընդունելի տարբերակը միայն ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցներն են։
Ըստ թուրքագետի՝ այս հարցում Թուրքիան միանգամից երկու կարևոր նպատակ է հետապնդում. նախ՝ չի ուզում փչացնել տվյալ երկրների հետ քաղաքական, տնտեսական հարաբերությունները, և երկրորդ՝ ցանկանում է ցույց տալ իր անկախությունը, իր ինքնուրույնությունը տվյալ հարցում, որ պարտավոր չէ հետևել ԱՄՆ-ի կայացրած որոշմանը.
«Բայց ըստ իս՝ այստեղ կա նաև երրորդ գործոնը՝ Թուրքիան պարզապես հասկանում է, որ ներկայիս տեմպերը շարունակելու դեպքում օրերից մի օր իր նկատմամբ նույնպես կարող են պատժամիջոցներ սահմանվել, և Թուրքիան, թերևս, այսպես փորձում է ապահովագրել իրեն նման զարգացումներից։ Իհարկե, այս իրավիճակում փոքր է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, թուրքական սև ցուցակ հրապարակելը, բայց, ամեն դեպքում, ես չէի բացառի դրա հնարավորությունը»։
Հայկ Գաբրիելյանը նկատեց՝ Էրդողանի իշխանությունը վերջին շրջանում Թուրքիան վերածել է բաց երկնքի տակ բանտի, և ըստ նրա՝ եթե այս ամենին գումարենք այն, որ Թուրքիայի իշխանություններն աջակցել են Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների շրջանցմանը, ինչպես նաև որոշակի կապեր են պահպանում նույն Ղրիմի հետ, որի նկատմամբ նույնպես պատժամիջոցներ կան սահմանված, և հիմա էլ Թուրքիան փորձում է գնել S-400 համակարգերը, ապա չի բացառվում, որ օրերից մի օր մենք կտեսնենք ԱՄՆ-ի կողմից թուրքական նման ցուցակի հրապարակումը, եթե Էրդողանը շարունակի այսպիսի տեմպերով առաջ գնալ։