«Ա՛յ ընկերներ, Եվրամիությունն ինքն է ընդունում ԵԱՏՄ-ն, մենք ո՞վ ենք, որ չընդունենք»
«Շատ ընդդիմադիրների ելույթներում հնչում էին փաստեր, նաև՝ աղավաղված, որ ապացուցում էին հենց դա, որ չի կարելի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել: Դա մեր տնտեսության ու պետության անվտանգության շահերից չի բխում»,- այսօր ԱԺ-ում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
Ըստ նրա՝ տեսակետը, թե «հանուն Հայաստանի եկեք դուրս գանք ԵԱՏՄ-ից», ինքնակործանման ճանապարհ է. «Ասում եք՝ չեք ընդունում ԵԱՏՄ-ն։ Ա՛յ ընկերներ, Եվրամիությունն ինքն է ընդունում ԵԱՏՄ-ն, մենք ո՞վ ենք, որ չընդունենք, ինքն է հաշվի նստում ՌԴ-ի հետ ու ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ, իսկ ինչո՞ւ մենք պետք է դրանից հրաժարվենք»։
Գ.Մելիքյանը կրկնեց գործընկերոջ՝ Խոսրով Հարությունյանի միտքը՝ «սա մեր կռիվը չէ, սա գերտերությունների կռիվն է», մենք ընդամենը մասնիկ ենք, և պետք է մեր դիրքերն օգտագործենք՝ ի շահ մեր պետականության և մեր ժողովրդի:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի մեջ խնդիրներ կան, քանի որ միությունը կայացման ճանապարհին է, բայց խնդիրներ կան նաև Եվրամիության մեջ, Brexit-ից դեռ 1 տարի չի անցել։ Գ.Մելիքյանը նշեց, որ խնդիրներ կան նաև ՀԱՊԿ-ում, որի անդամ երկրներից առնվազն 2-ն իրենց գործողություններով ի նպաստ ՀՀ-ի չեն աշխատում. «Բայց այնպես չէ, որ նաև մեզ շատ խիստ վնասում են, որովհետև ի դեմս Ռուսաստանի՝ ունենք կարևոր գործընկեր, որը կարողանում է մեզ համար նպաստավոր պայմաններով և՛ վարկ տալ մեզ, և՛ ժամանակակից զենք»:
Նա կոչ արեց աղավաղված փաստեր չներկայացնել, քանի որ դա «արևելյան բազար» է դառնում։
«Անդամակցությունն ուղղակի պարտավորություններ է ենթադրում։ Այո, մենք ինքնիշխանության որոշակի զիջումների ենք գնում ԵԱՏՄ-ում: Իսկ ի՞նչ է, Եվրամիության մեջ չե՞նք գնում։ Իհա՛րկե գնում ենք: Բայց նաև ձեռք ենք բերում այլ երկրների զիջած ինքնիշխանությունները: Բերեք դրանք ճիշտ օգտագործենք»,- ասաց նա: