
Երևան-Սևան ավտոճանապարհին ձորն ընկած ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 26-ին, ժամը 13:16-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, «Վանակատ» հյուրանոցի մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Mercedes C» մակնիշի 35 CT 229 պետհամարանիշով (վարորդ՝ 1992 թ. ծնված Մ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 90 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մ.Ս.-ն և ուղևոր՝ 1991 թ. ծնված Հ. Խ.-ն տեղի ուժերով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: