Բաժիններ՝

10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել ռեժիսոր Մարինե Զաքարյանը

Կյանքի ընթացքում որքան շատ ենք մտովի դիմում մեր սիրելի կինո-կերպարների օգնությանը. տեսնես ի՞նչ կասեին, ինչպե՞ս կվարվեին, և առհասարակ, կհայտնվեի՞ն արդյոք նման իրավիճակում Ջիովաննին, Գվիդոն կամ Գրեյսը: Այսպիսով, անչափ կարևորելով կինո-ընկերներ ձեռք բերելու գործընթացը, 168.am-ն ամեն շաբաթ ներկայացնում է իր ընկերներից մեկի սիրելի ֆիլմերից կազմված տասնյակը: Եվ այս շաբաթ իր նախասիրութուններով մեզ միացած ընկերը կինոռեժիսոր և սցենարիստ Մարինե Զաքարյանն է:

«Գիշեր» (La Notte) 

Իտալացի կինոռեժիսոր, կինոքննադատ և սցենարիստ Միքելանջելո Անտոնիոնիի կողմից 1961 թվականին նկարահանված ֆիլմի գլխավոր հերոսները գրող Ջիովաննին (Մարչելո Մաստրոյանի) և նրա կինը՝ Լիդիան (Ժաննա Մորո) են: Ստեղծագործական ճգնաժամ… Զգացմունքների մայրամուտ… Սովորությունների մթնշաղ… Հիվանդանոց, «գիշերվա» մեջ ընկղմված մտերիմ ընկեր… Լույսի անիմաստ որոնումներ. հիշողությունների մթություն, գիշերային ռեստորան, հարուստ երեկույթ: Երիտասարդ Վալենտինան (Մոնիկա Վիտտի)՝ հոգում իր փոքրիկ «գիշերով»: Հուսահատության, հայտնությունների, անկեղծության «հեղեղ»…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«8½» («Ութ ու կես», «Otto e mezzo») 

Ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կողմից 1963թ. նկարահանված իտալական կինոնկարը պատմում է ռեժիսորի ստեղծագործական գործընթացի մասին. ճգնաժամ, որոնումներ, երևակայության հնարքներ, փակուղիներ, սուբյեկտիվի և օբյեկտիվի անխախտելի հոսք:
Եվ, իհարկե, կանանց լիություն, ովքեր շրջապատում են գլխավոր հերոսին՝ Գուիդոյին (Մարչելլո Մաստրոյանի), և բոլորը՝ առանց բացառության, սիրում են նրան:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Բուրժուազիայի համեստ հմայքը» (Le Charme discret de la bourgeoisie) 

Իսպանացի կինոռեժիսոր Լուիս Բունյուելի կինոնկարն իրենից ներկայացնում է բուրժուական անարժեք կյանքի ծաղրական, սյուրռեալիստական էսքիզը: Ֆիլմում երազը և իրականությունը միահյուսված են խենթ իրադարձությունների խճանկարում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Սոլյարիս» (Солярис) 

Ռեժիսոր և սցենարիստ Անդրեյ Տարկովսկու կողմից 1972թ. նկարահանված ֆիլմը՝ «Սոլյարիսը», պատմում է տիեզերակայանի մասին, որի աշխատակիցները վաղուց փորձում են լուծել Օվկիանոսով ծածկված Սոլյարիս մոլորակի հանելուկը: Եվ տիեզերակայանում հայտնվում է նոր բնակիչ՝ հոգեբան Քրիս Քելվինը (Դոնաթաս Բանիոնիս), ով փորձում է հասկանալ կայանից ստացվող տարօրինակ հաղորդագրությունները: Սկզբում նրան թվում է, որ այնտեղ գտնվող գիտնականների մի մասը խելագարվել է: Այուհետև նա ինքն է դառնում սարսափելի մոլուցքի զոհ. նրան այցելում է իր նախկին սիրեցյալ Հարին (Նատալիա Բոնդարչուկ), ով ինքնասպանություն է գործել Երկրի վրա:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Մարդը կինոխցիկով» (Человек с киноаппаратом) 

Խորհրդային կինոռեժիսոր Ձիգա Վերտովի համր էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմում (1929թ.) կինոխցիկը նկարում է մարդկանց, վայրեր… Տեսախցիկը նկարահանման գործընթացի գլխավոր հերոսն է. օդում, ստորգետնյա վայրերում, իրադարձությունների կենտրոնում: Կինոաչքը դիտում է, ամրագրում է փոքրագույն նրբությունները՝ առանց գնահատելու, առանց սցենարին հետևելու:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Դոգվիլ» (Dogville) 

2003 թվականի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի կողմից նկարահանված ֆիլմի գործողությունները ծավալվում են 1930 ական թթ. Դոգվիլ հորինված անվանումով ամերիկյան քաղաքում, որը գտնվում է բարձր լեռներում։ Քաղաքում փողոցները նշանակված են միայն փողոց անվանումով, որոնք սահմանազատված են 2 զուգահեռ գծերով, տները՝ միայն դրանց գծագրերով, ծառերը և թփերը գրված են հատակին «ծառ» և «թուփ» անվանումով, նույնիսկ շունը նկարված է։ Իրական են միայն մի քանի կահույք և ավտոմոբիլները։

Քաղաքն ունի ընդամենը 22 բնակիչ՝ 15 մեծահասակ և 7 երեխա։ Քաղաքն ապրում է հանգիստ շնչով, ունի իր տարօրինակ չգրված կանոնները։ Սակայն քաղաքի, այսպես կոչված, անդորրը խախտվում է, երբ հյուր է գալիս մի խորհրդավոր անծանոթուհի՝ Գրեյս անունով (Նիկոլ Քիդման)։ Շատերը դեմ են լինում Գրեյսի՝ իրենց քաղաքում ապրելուն, սակայն մի մասը կողմ է դրան…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«21 գրամ» (21 Grams) 

Մեքսիկացի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «21 գրամ» ֆիլմը պատմությունն է հույսի և մարդկության, կյանքի նկատմամբ սիրո և գոյատևման մասին: Անկախ նրանից, վախենո՞ւմ եք Դուք մահից, թե՞ ոչ, այդ պահին Ձեր մարմինը թեթևանում է 21 գրամով: Գուցե դա մարդու հոգու քա՞շն է:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Տղամարդ և կին» (Un homme et une femme) 

Ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, պրոդյուսեր և դերասան Կլոդ Լելուշի կողմից 1966 թվականին նկարահանված ֆրանսիական ֆիլմը պատմում է պրոֆեսիոնալ ավտոարշավորդ Ժան-Լուի Դյուրոկի (Ժան-Լուի Տրենտինյան) և խելացի, գեղեցիկ Աննա Գոտյեի (Անուկ Էմե) մասին: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր տխուր անցյալը, և այժմ ավելի շատ ապրում են տխուր հիշողությունների աշխարհում:

Պատահական հանդիպումը, անսպասելիորեն ուժեղ, հուզիչ զգացողությունը հերոսներին հանում է միայնության ճիրաններից:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Հունձքի օրեր» (Days of Heaven) 

Ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Թերենս Մալիքի «Հունձքի օրեր» ֆիլմը պատմում է երկու սիրահարների՝ Բիլլի (Ռիչարդ Գիր) և Էբբիի (Բրուք Ադամս) մասին, ովքեր բերքահավաքի ժամանակ տեղացիների շրջանում ներկայանում են՝ որպես քույր և եղբայր: Իսկ երբ ֆերմերը սիրահարվում է այդ գեղեցիկ կնոջը, սիրահարները որոշում են նրա հետ ռիսկային խաղ սկսել…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Կրամերն՝ ընդդեմ Կրամերի» (Kramer vs. Kramer) 

Ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ Ռոբերտ Բրենտոնի 1979 թվականի «Կրամերն՝ ընդդեմ Կրամերի» ֆիլմը պատում է Թեդ Կրամերի (Դասթին Հոֆման) մասին, ով ամբողջովին նվիրվել է կարիերային և չի տեսնում, թե ինչ է կատարվում իր ընտանիքում: Այդ իսկ պատճառով նրանից հեռանում է կինը (Մերիլ Սթրիփ)՝ 6-ամյա որդուն թողնելով հոր խնամակալությանը: Եվ ահա Կրամեր-ավագն իր համար անսովոր դեր է ստանձնում. նա ստիպված է հոգ տանել Կրամեր-կրտսերի (Ջասթին Հենրի) մասին, ավելի շատ ժամանակ անցկացնել որդու հետ և ներթափանցել երեխայի փխրուն և խոցելի աշխարհ: Բայց այն պահին, երբ որդին և հայրը դառնում են անբաժան ընկերներ, հայտնվում է զղջացող մայրը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս