Բաժիններ՝

Մեկնարկել է «Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրությունը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 120-ամյակին

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում ներկայացվել է «Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրությունը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 120-ամյակին:

Ցուցադրությունը կենտրոնի՝ «Միջթանգարանային համագործակցություն» ծրագրի շրջանակներում թվով 6-րդ միջոցառումն է, որը հնարավոր է դարձել Հայաստանի ազգային պատկերասրահի (ՀԱՊ) հետ համագործակցությամբ՝ ընդգրկելով աշխատանքների ընտրանի պատկերասրահի, ինչպես նաև ՀԱՊ-ի մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանի ֆոնդերից:

Արվեստագետի ծննդյան 120-ամյակին նվիրված հետահայաց ցուցադրությանը ներկայացվել են նկարչի տարբեր ժամանակներում և տարբեր ժանրերի համադրությամբ արված 62 գեղանկար և գրաֆիկական աշխատանք, որոնցից շատերը նախկինում երբևէ չեն ցուցադրվել:

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանը ցուցահանդեսի բացման խոսքում նշում է՝ ցուցադրության նպատակը Ջոտտոյին այլ լույսի ներքո ներկայացնելն է. «Մենք փորձեցինք շեշտը դնել գրաֆիկայի վրա և գրաֆիկայի հետ համադրելով յուղաներկով արված գործերը՝ ցույց տալ, թե ինչպես է նա տարբերվում՝ որպես գրաֆիկ նկարիչ, որովհետև այդ շերտը գրեթե ուսումնասիրված չէ, կամ քիչ է ներկայացված պատկերագրքերում և իր նախկին ցուցադրություններում: Գուցե գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների միջև եղած տարբերության մեջ է թաքնված Ջոտտոյի իրական «ես»-ը: «Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրությունը միտված է գտնելու այս հարցի պատասխանը»։

Արվեստի պատմության էջերում իր կայուն դիրքը զբաղեցրած, արդեն որոշակի առումով դասական դարձած արվեստագետին անդրադառնալը, այնուամենայնիվ, հղի է մի շարք մարտահրավերներով, և առաջին հերթին՝ չկրկնվելու խնդիրն է: Այնուամենայնիվ, մշտապես հնարավոր է բացահայտել նոր հորիզոններ, իսկ Ջոտտոյի պարագայում այդ հորիզոնները կապված են չցուցադրված կամ քիչ հայտնի ստեղծագործությունների, առաջին հերթին՝ գրաֆիկական աշխատանքների հետ, որոնք տարբերվում են թե՛ գունային գամմայի ավելի լայն սպեկտրով, թե՛ կոմպոզիցիայի դինամիկայով, թե՛ թեմաներով:

Հանրության համար ցուցադրությունը գործելու է 2017թ. նոյեմբերի 25-ից մինչև 2018 թվականի փետրվարի 25-ը: Ցուցադրության մուտքն անվճար է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս