«Բոլորի շահերը, փաստորեն, հետ մղվեցին` հանուն Հայաստանի». Արթուր Ղազինյանը` ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասին
«Եվրամիության բոլոր երկրները, հենց ինքը՝ Եվրամիությունը, Արևելյան գործընկերության անդամ 6 պետություններից 4-ը շահագրգիռ ու հետևողական էին տարածքային ամբողջականության դրույթի ամրագրման հարցում: Եվ դա մեծ խնդիր էր: Հատկապես` Կատալոնիայի հետ կապված վերջին իրադարձությունները ԵՄ-ին ևս տարան տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրում և դրա հաստատում, սակայն ստացվեց մի իրավիճակ, որ ավարտական ամփոփիչ հռչակագրում տարածքային ամբողջականության սկզբունքը տեղ չգտավ: Հայաստանը միակ երկիրն է եղել, որ համաձայն չի եղել այդ դրույթին, և հակառակի` ազգային ինքնորոշման կողմնակիցն է եղել, բայց բոլորի շահերը, փաստորեն, հետ մղվեցին` հանուն Հայաստանի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը` խոսելով Բրյուսելում ԱլԳ գագաթաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրի մասին:
Ըստ նրա` շատ ավելի շատ Եվրոպական միությանը և ԵՄ ղեկավարներին պետք է շնորհակալ լինել, և հետո մեր ազգային դիվանագիտությանը` նման հաջողության համար.
«Սա իրականում մեծ հաջողություն է, որ պետք է արձանագրել»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ պայմանագրի ստորագրմանը՝ Ա.Ղազինյանը նշեց, որ շատ ոգևորված է ոչ այնքան՝ այն փաստով, որ, ի վերջո, այդ պայմանագիրը ստորագրվեց, որքան՝ դրա սպասված լինելու հանգամանքով, համացանցերում տիրող ոգևորությունով.
«Ես չէի սպասում, որ մեր հանրությունն այդքան սպասում է այս համաձայնագրին, և այդքան մեծ ոգևորություն ու հավատ կառաջացնի ապագայի նկատմամբ: Փաստորեն, իրականում հասարակության բավականին լուրջ զանգված իր ապագան և տեսլականը կապում է եվրոպական ինտեգրման հետ: Դա լուրջ արձանագրում է, որը մենք պետք է իրականում ֆիքսենք»: