
«ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը շահավետ կլինի Հայաստանի համար». Ֆրանկ Էնգել

Հայաստանի և Եվրամիության միջև կնքվելիք համաձայնագիրն ապացույցն է նրա, որ Հայաստանը պահպանում է իր եվրոպական ուղղվածությունը: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
«Նույնիսկ եթե հարցն առնչվում է Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներին, այն փաստը, որ երկիրը կարող է արտահանել իր արտադրանքը Մաքսային միության անդամ երկրներ, կարող է ունենալ շահավետ ազդեցություն: Հայաստանի տնտեսությունը սկզբունքորեն ծառայությունների մատուցման տնտեսություն է և կարող է զարգանալ հենց այս ուղղությամբ: Բացի տնտեսական բաղադրիչից, մենք նաև ամրապնդում ենք քաղաքական երկխոսությունն ու գործընկերությունը, մշակութային և կրթական կապերը: Հենց այս համաձայնագիրը ստորագրվի և վավերացվի, ﬔնք կկարողանանք շարժվել դեպի վիզային ռեժիմի ազատականացում: Ընդհանուր առմամբ, սա լավ օր է Հայաստանի ու Եվրամիության համար, մենք համատեղ ակնկալիքներ ունենք»,- ասաց Ֆրանկ Էնգելը:
Մի քանի ժամից Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ընթացող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է Հայաստանի ու Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: