«Այս համաձայնագրի ստորագրմամբ և տնտեսական և քաղաքական առումով մենք միայն շահելու ենք». Հրանտ Վարդանյան

Ժամեր անց Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կստորագրվի Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Նշենք, որ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի մասնակիցները Բրյուսելում աշխատանքի արդյունքներով ընդունել են հռչակագիր, որը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին: Համաձայնագիրը նախանշում է հետագա գործակցության ուղիները տնտեսության, քաղաքականության, հումանիտար և այլ ոլորտներում:

Հայաստանի համար կարևոր իրադարձության վերաբերյալ 168.am-ը լսել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանի կարծիքը.

«Շատ լավ է, որ վերջապես ստորագրվում է Եվրոմիության հետ համաձայնագիրը, վաղուց պետք է ստորագրվեր, թեև կարծում եմ՝ ամեն ինչ լինում է իր ժամանակին: Մենք մշտապես դավանել ենք համամարդկային և Եվրոպական արժեքներին: Որքան որ մենք ասիացի ենք, նույն չափով նաև եվրոպացի ենք, նույնիսկ մեր աշխարհագրական դիրքն է այդպիսին՝ մենք հավասարապես գտնվում ենք և՛ արևելքի, և՛ արևմուտքի միջև: Ամեն հայի մեջ, առանձին վերցված, այս երկուսի տարրերը կան: Մեզ համար կենսական նշանակությամբ շատ կարևոր են այս երկուսի լավագույն ավանդույթները: Վստահ եմ, որ այս համաձայնագրի ստորագրմամբ և տնտեսական և քաղաքական առումով մենք միայն շահելու ենք: Ղարաբաղյան հակամարտության հետ կապված էլ մենք միանշանակ ձեռքբերումներ ենք ունենալու: Պատահական չէ, որ եվրոպացիք մի առիթով հայտարարել էին՝ Եվրոպան վերջանում է Ղարաբաղի սահմաններով: Նույնիսկ առանց մեկնաբանությունների էլ՝ աա շատ խոսուն միտք է: Այնպես որ, այս իրադարձությունը միայն դրական գույներով կարելի է որակել»:

Տեսանյութեր

Լրահոս