«Լուսավոր Հայաստանը» սպասում է Կարեն Կարապետյանի պատասխանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 20-ին նամակ էր հղել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և միաժամանակ՝ ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու առաջարկով։ Անմիջապես հաջորդ օրը՝ նոյեմբերի 21-ին, Վանաձորի ավագանու արտահերթ նիստում, որին ողջ կազմով մասնակցում էի ՀՀԿ-ի ավագանու խմբակցության 13 անդամները, ՀՅԴ-ի 2 անդամները և ՀՎԿ-ի 5 անդամները՝ ապահովելով մեծամասնություն, «Հայկական Վերածնունդ» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանն ընտրվեց փոխքաղաքապետ։

Այժմ Վանաձորի ավագանին, կարծես ոչինչ չի եղել և Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չի ճանաչել իր գործունեությունը, նիստեր է անցկացնում ու նոր որոշումներ կայացնում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը 168.am-ի հետ զրույցում այս իրավիճակն անհեթեթ որակեց։

«Սա հակասահմանադրական է և ոչ իրավաչափ, այսինքն՝ փոքրամասնությամբ նիստեր գումարել և անունը դնել՝ կայացած, նորմալ նիստ, որոշումներ կայացնել, մեզ ասում էին, որ օրենքի դրույթը թույլ է տալիս, կարող ենք անել։ Սակայն Սահմանադրական դատարանը որոշեց, որ ոչ միայն օրենքի դրույթն է սխալ ձևակերպված, որովհետև տարակարծությունների և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս, և ՍԴ-ն պահանջեց, որ շտկում կատարվի օրենքում ու հստակ ձևակերպվի, այլև մենք վիճարկել էինք նաև նախկինում կայացված բոլոր որոշումները, և ՍԴ-ն դա նույնպես հակասահմանադրական ճանաչեց։ Հետևաբար՝ կայացած բոլոր նիստերն իրավաչափ չեն, հետևաբար՝ մենք պնդում ենք, որ ՏԻՄ մասին օրենքով հստակ ձևակերպված է, որ, եթե 6 ամիս ավագանին չի կարողանում նիստ գումարել, պետք է կառավարությունը լուծարի ավագանին և նոր ընտրություններ նշանակի»,- ասաց Գ.Գորգիսյանը։

Ըստ նրա՝ հանրապետականները, մասնավորապես՝ Մամիկոն Ասլանյանը (այս պահին Վանաձորի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնողը.- Գ.Խ.), նրա հետևորդներն ու աջակիցներն ասում են, թե քանի որ այն ժամանակ օրենքը հակասահմանադրական չէր, իրենք կարող էին այդպես մեկնաբանել, մեկնաբանել են և արել են, և հենց հիմա է օրենքը հակասահմանադրական դարձել, որից հետո ՀՎԿ-ի հետ ունեն մեծամասնություն ու նիստեր կանեն, այսօրվանից է պետք հաշվել այդ 6 ամիսը, բայց այսօրվանից արդեն խնդիր չկա։

Այսինքն, Գ.Գորգիսյանի կարծիքով՝ ամբողջ նպատակն այս իրավիճակը հերթական անգամ խեղաթյուրելն է։

«Մենք դեռևս հույս ունենք, որ կառավարությունում կան ադեկվատ և խելքը գլխին մարդիկ, որոնք ուղղակի այդ անհեթեթ մեկնաբանությանը տեղիք չեն տա»,- հավելեց նա՝ նշելով, որ կառավարությունն իրենց նամակին պետք է պատասխանի 15-օրյա ժամկետում։

Տեսանյութեր

Լրահոս