Բաժիններ՝

Հայաստանի հավաքականը հաղթեց Ալբանիային. մարզչի կարծիքը

ԵԱ-2021 ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 80:63 հաշվով առավելության հասավ Ալբանիայի հավաքականի նկատմամբ:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ԵԱ-2021-ի ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան խաղից հետո նշել է, որ գոհ է թիմի ցուցադրած խաղից՝ չնայած, որ մրցակիցը կարողացավ մինչև ընդմիջում հավասարեցնել խաղի հաշիվը:

«Մրցակիցը օղակից անդրադարձող գդակներին ավելի շատ էր տիրում և դա մեզ համար խնդիր ստեղծեց, բայց ամեն դեպքում մենք լավ հանդիպում անցկացրեցինք և ես ուրախ եմ, որ կարողացանք հաղթել:

Շատ լավ խաղ ցուցադրեցին Ռայան Բոաթրայթը, Անդրանիկ Չրաբաշը, բայց պետք է հատուկ շեշտել Ալբերտ Թադևոսյանի հիանալի և արդյունավետ խաղը: Նա այս խաղում պարզապես փայլեց»,- նշել է Նիկիշա Բավցևիչ:

Մարզչի կողմից գովասանքի խոսքերի արժանացած Ալբերտ Թադևոսյանը նշում է, որ մի պահ եղավ, երբ մրցակիցը կարողացավ հաշվի մեջ հավասարվել և նույնիսկ առաջ անցնել, բայց ընդմիջմանը իրենք նոր հանձնարարություններ ստացան մարզչից և կարողացան ամեն ինչ այնպես անել, ինչպես ծրագրել էին: 

«Շատ հետաքրքրիր խաղ ստացվեց, որի մեծ մասը մենք առջևում էինք:
Ես շատ ուրախ եմ, որ կարողացա թիմին օգտակար լինել և հույս ունեմ, որ հետագա խաղերում ևս հաղթելու ենք:

Մենք շատ լավ էինք պատրաստվել այս խաղին, չնայած ընդամենը 2-3 օր էինք լիարժեք մարզում անցկացրել, բայց հավաքականների դեպքում դա նորմալ է, քանի որ շատ քիչ ժամանակ ունեն խաղացողները հավաքվելու համար:

Այս խաղից ընդամենը 3 օր անց մենք ընդունելու ենք Դանիայի ազգային հավաքականին և պետք է կարողանանք հաղթանակ տոնել նաև այդ խաղում: Կարծում եմ Երևանում տեղի ունեցող Դանիայի դեմ խաղում, մեզ կօգնեն նաև մեր երկրպագուները, ովքեր մեզ կաջակցեն մարզադահլիճում»,- նշել է Թադևոսյանը:

Ի դեպ, Ալբերտ Թադևոսյանը թիմի ամենաարդյունավետ բասկետբոլիստներից մեկն էր. նա վաստակել է 20 միավոր:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ռայան Բոաթրայթը, ով վաստակեց 21 միավոր: Հիշեցնենք, որ Բոթրայթը հեռացվել էր հավաքականից: Մարզիչը բասկետբոլիստի հեռացումը պատճառաբանել էր վերջինիս անհարգալից պահվածքով: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Բոթրայթը ներեղություն է խնդրել և ստացել է հավաքականում խաղալու ևս մեկ հնարավորություն:

Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 26-ին Երևանում, որտեղ կհյուրընկալի Դանիայի ազգային հավաքականին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս