«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը շատ օգտակար է Հայաստանի համար». Գելա Վասաձե
Քաղաքական վերլուծաբան (Թբիլիսի) Գելա Վասաձեի կարծիքով՝ Շրջանակային և Ասոցացման համաձայնագրերի հիմնական տարբերությունն այն է, որ երկրորդը ներառում է նաև ազատ առևտրի ռեժիմ:
«2013թ. Մոսկվան թույլ չտվեց, որ Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, քանի որ այնտեղ խոսքը քաղաքական կողմնորոշման մասին էր, այսինքն՝ քաղաքական առումով ուր է գնում Հայաստանը: Եվ հասկանալի է, որ ՌԴ-ի համար դա անընդունելի էր: Այսօր դրա մասին խոսք չկա, պարզապես ասվում է, որ Եվրոպան ցանկանում է համագործակցել: Ես դա իմաստուն քայլ եմ համարում ԵՄ-ի կողմից»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց նա:
Խոսելով Վրաստանի փորձից՝ նա ասաց, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ջանքեր էր պահանջում. «Մեզ մոտ պարզ ասվում է՝ ինտեգրում ԵՄ-ին: Դա ոչ միայն տնտեսական, քաղաքական զարգացում է ապահովում, այլև՝ դեմոգրաֆիական, քաղաքացիական ինստիտուտների, և այլն: Եվ, ընդհանուր առմամբ, այդ համաձայնագիրն ուղղակի օգնում է Վրաստանին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ես նայել եմ համաձայնագիրը, և այն շատ օգտակար է Հայաստանի համար: Այնտեղ նաև խոսք կար ատոմակայանի մասին. ասվում էր, որ ԵՄ-ն պատրաստ է ներդրումներ անել այն փոխարինելու համար, ինչը շատ կարևոր է»: