«Շրջանակային համաձայնագրում հստակ ասվում է՝ Արցախի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով». Ստեփան Գրիգորյան
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը շատ օգտակար է Հայաստանի համար, թեև չի ներառում ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտին:
«ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը ես նորմալ երևույթ եմ համարում, մանավանդ, որ Հայաստանը ԵԽ անդամ է, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ է: Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս կան ուժեր, որոնք այդքան էլ չեն ուզում այդ համաձայնագրի ստորագրումը և տարբեր ճանապարհներով փորձում են խոչընդոտել: Բայց կարծում եմ, որ համաձայնագիրը կստորագրվի, քանի որ Երևանն ու Բրյուսելը պաշտոնապես հայտարարել են այդ մասին»,- ասաց նա:
Գրիգորյանը նկատեց՝ շատերն ուշադրություն չեն դարձնում այն կարևոր դետալի վրա, որ շրջանակային համաձայնագրում հստակ ասվում է՝ Արցախի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, գլխավոր ֆորմատը Մինսկի խումբն է, իսկ կոնֆլիկտը լուծվելու է երեք սկզբունքի հիման վրա՝ ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և խաղաղություն.
«Այսինքն՝ հայկական կողմին ինչ պետք է՝ այս համաձայնագրում կա, դրա համար պետք է գնալ և ստորագրել փաստաթուղթը՝ անկախ դեկլարացիայից: Բրյուսելի գագաթաժողովում ընդունվող դեկլարացիայի ձևակերպումները չեն կարող էապես տարբերվել շրջանակային համաձայնագրում եղած ձևակերպումներից, մանավանդ, որ երկիրը հնարավորություն ունի ստորագրելուց հետո իրեն ոչ հարմար կետերը փոփոխել»:
Փորձագետի դիտարկմամբ՝ ՌԴ-ի համար միևնույն է՝ դու ստորագրում ես ասոցիացման համաձայնագիր և ուզում ես միանալ ՆԱՏՕ-ի՞ն, թե՞ ստորագրում ես այնպիսի համաձայնագիր, ինչպիսին ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրն է, որտեղ նման ամբիցիաներ չկան. Ռուսաստանը պարզապես դեմ է նման համաձայնագրերին: