«Հայ-ռուսական հարաբերությունները վստահ զարգանում են բոլոր ուղղություններով». Էդուարդ Շարմազանով
«Հայ-ռուսական հարաբերությունները վստահ զարգանում են բոլոր ուղղություններով և ունեն բարձր վստահություն ու մեծ հեռանկար»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից լրագրողներին հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի և ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին:
Ըստ նրա` ԳՄ նիստում քննարկվել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը, որը դրական է գնահատվում և կապված էր դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ, և արձանագրվել է, որ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավականին դինամիկ զարգանում են:
Է.Շարմազանովը կարևորեց, որ Ս.Լավրովը նշել է, որ սկզբունքները պետք է լինեն մեկ փաթեթի մեջ. «Սա ազդակ է Ադրբեջանին, որը տարիներ շարունակ փորձում է ձևախեղել ՄԽ հայտարարությունները, առանձնացնում է այս կամ այն սկզբունքը: Այսինքն` ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ինքնորոշման իրավունքն անքակտելի իրավունք է և առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության չի կարող խնդիրը լուծվել: Չի կարող մի սկզբունքը գերակայել մյուսի նկատմամբ և սա հստակ ազդակ է Ադրբեջանի ղեկավարությանը»:
Անդրադառնալով ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության «Հեռանկարներ» ծրագրի հաղորդավար Վերոնիկա Կրաշեննիկովայի` ՀՀԿ զինանշանը ֆաշիստական Գերմանիայի խորհրդանշանի հետ համեմատելու փաստին, Է.Շարմազանովը հայտարարեց, որ հեռուստաընկերությանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ ղեկավարությանը` ընդունելով, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական. «Այդ հաղորդման ընթացքում ՀՀ և Նժդեհի մասին գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններից»: