Բաժիններ՝

Կառավարությունը կմերժի՞ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների առաջարկը

ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում՝ նոյեմբերի 23-ին, ամենայն հավանականությամբ, կմերժի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի, Միքայել Մելքումյանի և Վահե Էնֆիաջյանի նախագիծը։ Վերջիններս առաջարկում են փոփոխություն կատարել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում։

Այս փոփոխության տրամաբանության հիմքում դրված է այն պարզ ճշմարտությունը, որ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող ենթարկվել պատասխանատվության այն դեպքում, երբ չի կատարել իրավախախտում: Համաձայն գործող օրենքի՝ տրանսպորտային միջոցը վարձույթ տալու գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վճարել իրավախախտում կատարած անձի փոխարեն, եթե մեկ ամսվա ընթացքում իրավախախտում կատարած անձը, նույն ինքը ՝վարձակալը, չի վճարում վարչական ակտի գումարը: Պատգամավորները գտնում են, որ սա ինքնին մարդու իրավունքների խախտում է:

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար:

Բացի այդ, այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սեփականություն, ապա՝ համապատասխանաբար՝ իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:

Այսինքն՝ ապացուցելով նույնիսկ, որ իրավախախտում կատարողը տվյալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չէ, միևնույն է, մեկ այլ օրենքով նրա վրա է դրվում վարչական ակտի վճարման պարտականությունը: Նախագծի հեղինակների կարծիքով՝ մինչդեռ օրենքները մշակելիս և ընդունելիս պետք է հնարավորություններ ստեղծել մանր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար, որոնց թվին են դասվում նաև տրանսպորտային միջոցները վարձույթ տալու գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, նպաստել, այլ ոչ թե սահմանափակել նրանց գործունեության ընդլայնմանը:

ՀՀ կառավարությունն իր հերթին՝ առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017 թ. հոկտեմբերին Պետաիրավական նախարարական կոմիտեի նիստում քննարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, որի 21-րդ գլխում նախատեսված է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական իրավախախտումների վերաբերյալ հատուկ վարույթ, որտեղ արդեն իսկ տեղ են գտել տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ առանձնահատկությունները:

Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի 138-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման համար վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սեփականություն, ապա՝ համապատասխանաբար՝ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, եթե չի ապացուցվում, որ վարչական իրավախախտումը կատարել է այլ անձ:

Առաջիկայում կառավարության հավանությանն արժանանալուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս