Բաժիններ՝

«Չեմ կարծում, որ ինչ-որ հեղափոխական փոփոխություններ տեղի ունենան, որ ամեն ինչ վերադարձվի զրոյական դիրքերի». Արմեն Ռուստամյան

«Չեմ կարծում, որ ինչ-որ հեղափոխական փոփոխություններ տեղի ունենան, որ ամեն ինչ վերադարձվի զրոյական դիրքերի: Այս օրենքով նոր հնարավորություն և դաշտ է ստեղծվում զինվորական ծառայության համար, որի մասին շատերը տեղյակ չեն: Այստեղ անտեղյակությունից է շատ բան բխում:

Իրականում սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում: Այնպես չէ, որ ինչ-որ մարդիկ, որ ուզում են ուսում ստանալ, շարունակել իրենց ուսումը, այս օրենքները խոչընդոտում են: Կան իհարկե որոշակի հստակեցում պահանջող հարցեր, որոնք օրենքում խնդիր են այս պահին, կարծում եմ, դրանք կարող են լուծվել նաև ենթաօրենսդրական ակտերի, կառավարման առանձին որոշումների միջոցով, որ ուսանողները բավարարվեն: Ես հասկանում եմ նրանց, լուրջ իրավիճակ է, բնական է, որ այս փոփոխությունները նոր իրադրություն են առաջացնում և մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչպես ծրագրեն իրենց ապագան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` խոսելով տարկետման իրավունքը սահմանափակող աղմկահարույց օրենքի շուրջ վաղը ԱԺ-ում սկսվող լսումների մասին:

Ըստ նրա` բավականին հարցեր կան, որ կլոր սեղանները թույլ կտան ուսանողներին և բոլոր շահագրգիռներն` է’լ ավելի խորքային ծանոթանալ փոփոխությունների հետ. «Ես վստահ եմ, որ խորքային ծանոթանալու դեպքում կտեսնեն, որ եթե պարտադիր է ծառայությունը, իսկ դա սահմանադրորեն պարտադիր է, դա պետք է պարտադիր լինի բոլորի համար»:

Տարկետման նախկին տարբերակին վերադառնալը Ա.Ռուստամյանը ճիշտ չի համարում: Նրա կարծիքով` եթե արգելվում է, պետք է արգելվի բոլորին, եթե թույլատրվում է, ապա թույլատրվում է բոլորին. «Տեսել ենք այդ կիսատ-պռատ լուծումները, որ դուռ են բացում կոռուպցիայի համար և իրական պատկերը չեն տալիս նրանց, ովքեր ուզում են գիտնական դառնալ, ուսումը շարունակել: Եվ փաստը ցույց է տալիս, որ նրանց 90%-ը գնացել են այդ ուղղությամբ միայն մի նպատակով` խուսափել ծառայությունից: Սա իրականություն է»:

Դիտարկմանը, որ այնուամենայնիվ օրենքում լուսանցքներ մնում են, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ դրանք էլ պետք է հստակեցնել, որ նորից չշրջանցնեն: Նա համաձայնեց, որ առողջապահական ոլորտում նույն սողանցքը մնում է.

«Մերոնք ունեն այդ հնարամտությունը ցանկացած օրենքում լուսանցքներ, սողանցքներ գտնել: Իհարկե, կան բնական պատճառներ` առողջական խնդիրներ, որ մարդը չի կարող գնալ ծառայության:

Կան ավելի վատ փաստեր, որ մարդուն չեն տվել տարկետում առողջական պատճառով և նա բանակում այդ հիվանդության սրացման հետևանքով մահացել է: Այդ առումով պետք է մեծացնել վերահսկողությունը, իսկ այս հայեցակարգը նաև քաղաքացիական հասարակության վերահսկողության հնարավորություններն է մեծացնում, ավելի թափանցիկ է դարձնելու բանակաշինությունը, զինվորական ծառայության գործունեությունը: Այս գործիքներով պետք է վերահսկել, որ այդտեղ չարաշահումներ չլինեն, որ առողջ անձը փորձի կոռուպցիոն կամ հովանավորչության միջոցով ազատվել բանակից»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս