«Այս փուլում քննարկումներն ընթանում են բոլորովին այլ ձևաչափով». Կորյուն Նահապետյան
«Այս փուլում քննարկումներն ընթանում են բոլորովին այլ ձևաչափով: ԱԺ ղեկավարության կողմից ցուցաբերվել է համապատասխան նախաձեռնություն: Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամների հետ մինչև ԱԺ-ում համապատասխան օրենքի նախագծի երկրորդ տարբերակի ներկայացումը հանդիպում եմ ունեցել, բավականին տևական զրույց եմ ունեցել իրենց հետ ոչ միայն ԶՈՒ կազմակերպման, ԶՈՒ համալրման, այլև կրթությանը վերաբերող խնդիրների շուրջ: Ազգային ժողովը, քաղաքական ուժերը պատրաստ են քննարկման առարկա դարձնելու նաև զինվորական ծառայության վերաբերյալ նոր այս օրենսդրական կարգավորման խնդիրները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով տարկետման իրավունքը սահմանափակող աղմկահարույց օրինագծին:
Ըստ նրա` կառավարությունն օրենսդրական առանձին նորմերի իրականացման հետ կապված պետք է ընդունի համապատասխան որոշումներ և շատ հարցեր, այդ թվում` տարկետման իրավունքը, կապված են կառավարության լիազորությունների հետ.
«Կարծում եմ` այդ շրջանակում մենք կարող ենք համակողմանի քննարկում ունենալ և գտնել համապատասխան լուծումներ»:
Հիշեցնելով, որ վաղը ԱԺ-ում կայանալու են այս օրենքի շուրջ լսումներ, Կ. Նահապետյանը հորդորեց չշտապել, կրկին կլսեն երիտասարդների առաջարկները և համապատասխան լուծումներ կգտնեն: