«Քաղաքականության մեջ ամեն ինչ կարող է փոխվել 1 գիշերվա մեջ». Վահրամ Բաղդասարյան
«Դա, բնականաբար, «Ելքի» իրավունքն է, նա կարող է դիմել կառավարություն, բայց առայժմ, իմ կարծիքով, դրա անհրաժեշտությունը չկա: Եթե քվորում լինի և նիստը կայանա, ինձ թվում է, դա իր բնականոն գործընթացով կգնա առաջ։ Նիստերը եղել են ՏԻՄ օրենքին համապատասխան, այլ խնդիր է՝ Սահմանադրական դատարանի որոշումը վերաբերում է ՏԻՄ օրենքի և Սահմանադրության հակասությանը: Եվ մինչև մարտի 31-ն այդ օրենքը պետք է համապատասխանեցվի։ Հիմա իր բնականոն հունով կգնա, դեպքերից առաջ պետք չէ ընկնել, եզրահանգումներ անելը դեռ շուտ է: Ես որևէ հիմք չեմ տեսնում նոր ընտրությունների»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված իրավիճակի և ՍԴ որոշման մասին:
Ըստ նրա՝ ՀՀԿ-ՀՎԿ համագործակցության հուշագիրը քաղաքական է, իսկ ՀՎԿ-ն ինքը պետք է որոշի, թե ում է նշանակում փոխքաղաքապետ։ Դիտարկմանը, որ ՀՎԿ-ն փոխքաղաքապետի թեկնածու է առաջադրել Արկադի Փելեշյանին, որի անունը կապվում է աղմկոտ քրեական պատմությունների հետ, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք նրանց ներքին քաղաքական խնդիրներին չենք խառնվում, թե ինչ թեկնածու կներկայացնեն: Բայց խմբակցությունը ղեկավարում է ձեր նշած անձնավորությունը, քաղաքապետի ընտրություններում նա է եղել այդ քաղաքական ուժի առաջատարը, և, բնականաբար, դա նրանց ներքին խնդիրն է: Իսկ թե ինչ անցյալ ունի և հետագայում ինչպես կաշխատի, ցույց կտա ապագան»։
Նա չհամաձայնեց «Ելքի» համեմատության հետ, որ ՀՎԿ-ն փորձելու է վերակենդանացնել մահացած հիվանդին. «Քաղաքական ուժերը, եթե գալիս են համաձայնության՝ Վանաձոր քաղաքի հետագա ճակատագրի հետ կապված, որ պետք է համագործակցություն միասին կիրառեն, ինձ թվում է, դա ցույց կտա ապագան։ Բոյկոտները հավերժ չեն լինում, համբերենք իրադարձությունների զարգացմանը։ Ինձ թվում է, մյուս 2 քաղաքական ուժերն արդեն իսկ պետք է մասնակցեն ավագանու նիստերին։ Հուշագիրն արդեն այսօր կա, և նրանք կարող են գալ, իրենց ընդդիմադիր կեցվածքը պահելով՝ մասնակցել նիստերին»։
Վ.Բաղդասարյանի խոսքով՝ Սահմանադրության և ՏԻՄ օրենքի հակասությունն ԱԺ խնդիրն է, այժմ ինչ կատարվում է, համահունչ է Սահմանադրությանը, իսկ լեգիտիմության ճգնաժամ չկա, քանի որ ավագանին շարժվել է ՏԻՄ օրենքով։ ՀՀԿ-ՀՎԿ հուշագրի ստորագրումը, ըստ Վ.Բաղդասարյանի, քաղաքական գործընթաց է. «Քաղաքականության մեջ ամեն ինչ կարող է փոխվել 1 գիշերվա մեջ»։