«ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից». Աղվան Վարդանյան
«ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից։ Մենք թվարկեցինք այն իրողությունները, որ այսօր նկատելի են, և առաջին արդյունքները կան: Մյուսներին կարող եք հարցնել խղճի մասին, թե ինչպե՞ս էին, եթե ոչ՝ փառաբանում, ապա՝ կողմ քվեարկում նախորդ որոշ կառավարությունների բյուջեին, և ինչ դրական ցուցանիշներ կային»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ խղճով է ՀՅԴ-ն կողմ քվեարկում 2018 թվականի բյուջեի նախագծին:
Ըստ նրա՝ բնական է, Ազգային ժողովում կա ընդդիմություն, և այդ ընդդիմությունը երբեմն պետք է լինի մոլի՝ այդ բառի տարբեր իմաստներով, և իրենց գործն է՝ քննադատել ու չտեսնելու տալ ռեալ փաստերը. «Այստեղ կան թվեր ու փաստեր։ 2016 թվականին մենք ունեցել ենք 0.2% տնտեսական աճ։ Խնդրում եմ, նայեք՝ այդ ժամանակ ինչպես են քվեարկել։ Այս տարվա համար նախատեսված է 3.2%, իսկ եկող տարի՝ 4.5 %: Թեկուզ փոքր չափով, բայց տոկոսային կետով կայունանալու է արտաքին պարտքը, թեկուզ ոչ շատ շոշափելի, բայց փոխվում է ընթացիկ և կապիտալ ծախսերի հարաբերակցությունը: Միայն այն փաստը, որ 2018-ին 100 մլրդ ավելացում կա, և դրա 70 %-ն ուղղվում է կապիտալ ծախսերին, ևս խոսում է այս կառավարության որդեգրած ճիշտ ուղու մասին»:
Անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների՝ Մոնումենտի դղյակների կառուցման վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու առաջարկին, Ա.Վարդանյանը նկատեց, թե Հայաստանում տասնյակ ու տասնյակ հազարավոր դղյակներ կան, և դա միայն Մոնումենտին չի վերաբերում. «Մոնումենտի դղյակներից շատ ավելի մեծ դղյակներ կան։ «Բարգավաճ Հայաստանի» տեսակետն է, իր մոտեցումն է, այդ հարցերը տվեք իրենց»։
Նա նկատեց, թե՝ երբ ՀՅԴ-ն ընդդիմություն էր, բավականին արդյունավետ աշխատանք է ունեցել ԲՀԿ-ի հետ, բայց այսօր իրենց պետք է հարցնել իրենց գործողությունների մասին, իսկ ՀՅԴ-ի օրակարգն ավելի քաղաքական է։