Բաժիններ՝

Ամենաաղքատ կամ ամենաստվերային թաղապետերը

Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարներից յուրաքանչյուրը տեղական իշխանիկների յուրօրինակ նմուշ է։ Ի՞նչ կարողություն են հայտարարագրել նրանք, ո՞վ է ամենաաղքատն ու ո՞վ՝ ամենահարուստը։

«Ամենաաղքատը», թերևս, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանն է, որը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է ընդամենը 1 մլն դրամ և 25 հազար դոլար: Նրա եկամտի միակ աղբյուրն աշխատավարձն է՝ տարեկան 1.910.440 դրամ:

«Աղքատների» շարքում է նաև Արաբկիրի ղեկավար Հովհաննես Վարդանյանը։ պարզվում է՝ նա անշարժ գույք չունի, հայտարարագրել է միայն ՎԱԶ 2103 մակնիշի ավտոմեքենա, 20 մլն դրամ և 55 հազար դոլար: Վարդանյանի եկամտի միակ աղբյուրը, ըստ հայտարարագրի, աշխատավարձն է՝ տարեկան 1.509.400 դրամ, թեև 6 մլն դրամ էլ ստացել է գույքի օտարումից։

Անշարժ գույք չունի նաև Նուբարաշենի ղեկավար Արթուր Կիրակոսյանը, սակայն նա ունի Land Rover Sport 4.2 մակնիշի ավտոմեքենա, 3 մլն դրամ և 13 հազար դոլար: Նուբարաշենի ղեկավարի եկամուտն աշխատավարձն է՝ տարեկան 1.661.520 դրամ:

Նոր Նորքի ղեկավար Արմեն Ուլիխանյանը չի հայտարարագրել ո՛չ անշարժ, ո՛չ էլ շարժական գույք, սակայն նրա դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ, 2000 եվրո և 5000 դոլար։ Սակայն Ուլիխանյանը միակ թաղապետն է, որի աշխատավարձը գրեթե եռակի ավելի է գործընկերներից՝ տարեկան 3.868.040 դրամ։

Ավանի ղեկավար Մանվել Ջավադյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքերում, 1 ավտոտնակ, Mercedes-Benz S 500 մակնիշի ավտոմեքենա, 14 մլն դրամ, 28 հազար դոլար և 21 հազար եվրո: Մանվել Ջավադյանի հայտարարագրված եկամուտը տարեկան ընդամենը 1.661.520 դրամ աշխատավարձն է:

Դավթաշենի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հայտարարագրել է 1 հողամաս և հողին ամրակցված 1 այլ անշարժ գույք, ԳԱԶ 24 մակնիշի 1 ավտոմեքենա, 61 մլն դրամ: Հայտարարագրել է եկամտի 1 աղբյուր՝ տարեկան 1.611.018 դրամ աշխատավարձ։

Աջափնյակի ղեկավար Արտավազդ Սարգսյանը հայտարարագրել է 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 1 ավտոտնակ, Mercedes-Benz S550 և Vaz 21065 մակնիշների ավտոմեքենաներ, 10.3 մլն դրամ և 216.8 հազար դոլար: Տարեկան միակ եկամուտն աշխատավարձն է՝ 1.637.520 դրամ, սակայն տրամադրել է նաև 100 հազար դոլար փոխառություն:

Շենգավիթի ղեկավար Արմեն Սարգսյանն ունի անհատական բնակելի տուն` տնտեսական շինություններով, Lexus ES 300 մակնիշի ավտոմեքենա, 32.670 հազար դրամ: Եկամուտը կրկին միայն աշխատավարձն է՝ տարեկան 1.464.600 դրամ:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանն ունի արտադրական նշանակության շինություն, PORSCHE CAYENNE 3.6 և MERCEDES-BENZ G500 մակնիշների ավտոմեքենաներ, 39 հազար դոլար և 133.95 մլն դրամ։ Նա հայտարարագրել է եկամտի 2 աղբյուր, երկուսն էլ աշխատավարձ՝ 2.074.260 դրամ և 400 հազար դրամ։

Կենտրոնի ղեկավար Արա Սադոյանը հայտարարագրել է 4 բնակարան՝ բազմաբնակարան շենքերում, 1 ավտոտնակ, 2 հողամաս, HYUNDAI AZERA մակնիշի ավտոմեքենա, 177 մլն դրամ, 33 հազար եվրո և 37 հազար դոլար։ Միակ եկամուտն աշխատավարձն է՝ տարեկան 1.661.520 դրամ։

Էրեբունու ղեկավար Դավիթ Գրիգորյանը նշել է անհատական բնակելի 1 տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, հողամաս, LEXUS LS 460 L մակնիշի ավտոմեքենա, 48 մլն դրամ, 72 հազար դոլար և 158 հազար եվրո։ Գրիգորյանն անցած 1 տարում ստացել է ընդհանուր 2.392.703 դրամ եկամուտ՝ 2 աշխատավայրերից համապատասխանաբար՝ 871.267 և 1.521.436 հազար դրամ։

Մալաթիա-Սեբաստիայի ղեկավար Արտակ Ալեքսանյանն անշարժ գույք չունի, սակայն հայտարարագրել է 5 ավտոմեքենա՝ Toyota Corolla 1.6, Bentley Mulsanne, Rolls-Royce Ghost, BMW X6 5.0 I և Ford Transit  FT 100 2.5 TD մակնիշների: Սեփականատեր է 368 մլն դրամ արժողությամբ բաժնետոմսի: Պաշտոնը ստանձնելու պահին դրամական միջոցները կազմել են 180 մլն դրամ, 1.25 հազար դոլար և 620 հազար եվրո: Ուշագրավ է, որ այս կարողության տիրոջ եկամուտները նույնպես միայն մեկ աղբյուրից են՝ աշխատավարձից՝ տարեկան ընդամենը 1.433.883 դրամ:

Հարկ է նշել, որ սա այս պաշտոնյաների միայն հայտարարագրված կարողությունն է։ Նրանց իրական հարստության մասին քաջատեղյակ են առնվազն նրանց հարևանները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս