Բաժիններ՝

Սերժ Սարգսյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակակրին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելին:

Ողջունելով անվանի գիտնականին մեր երկրում՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումների համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական հիացմունքն ու երախտագիտությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր առաջ են տանում քաղաքակրթությունը՝ դառնալով ժամանակի խորհրդանիշներ:

«Մենք նաև դրանով փորձում ենք մեր երիտասարդների ուշադրությունը հրավիրել հաջողված փորձերի և հաջողակ մարդկանց վրա՝ բոլոր միջոցներով բացատրելով, որ ամենամեծ հարստությունը մարդն է՝ իր թերություններով, իր խնդիրներով, բայց նաև իր տաղանդով: Այս ոլորտի վրա ուշադրությունը, կարծում եմ, տալիս է արդյունքներ: Մեր երիտասարդները մեծ հետաքրքրություն ունեն ոլորտի նկատմամբ, և շատ ուրախալի է, որ այդպիսի հետաքրքրություն ունեն նաև դպրոցականները»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Թոնի Ֆադելը շնորհակալություն է հայտնել Նախագահին հյուրընկալության համար և նշել, որ արդեն հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ և տեղյակ է Հայաստանում ՏՏ ոլորտում, հատկապես՝ էլեկտրոնային կառավարման համակարգում իրականացվող նորամուծությունների մասին:

«Դուք պետք է բացեք ձեր երկիրը արտաքին աշխարհի համար, պետք է պատմեք, թե ինչ դրական զարգացումներ կան ձեզ մոտ: Մենք հիմա շատ հետաքրքիր ժամանակներում ենք ապրում: Ձեր կրթական համակարգում շատ լավ դիրքավորված է ֆիզիկայի, մաթեմատիկայի և այս ոլորտի այլ առարկաների դասավանդումը, և սա ձեզ հնարավորություն է տալիս տվյալների հետ աշխատանքում, տվյալների ինժեներիայում մեծ հաջողությունների հասնել: Եթե այն ամենը, ինչ վերջին 12 ժամերի ընթացքում ես լսում եմ ձեր երկրում, ճիշտ է՝ ես արդեն սկսել եմ մտածել, որ այն ստարտափները, որոնք ես եմ հիմնել, այստեղ բերելով և այստեղի աշխատուժի հետ աշխատելով՝ նոր հնարավորություններ կարող են ունենալ»,- ասել է Թոնի Ֆադելը և ընդգծել, որ կցանկանար կրկին վերադառնալ Հայաստան ու Հանրապետության Նախագահից հետաքրքրվել է, թե ինչով կարող է օգտակար լինել Հայաստանին:

Հանդիպումից հետո Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած անձանց նվիրված հատուկ ծրարի մարման արարողությունը: Ծրարի վրա պատկերված է 2017 թվականին ՏՏ ոլորտում Նախագահի մրցանակին արժանացած 8-րդ դափնեկիրը՝ «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելը, ինչպես նաև նախորդ տարիների յոթ մրցանակակիրները:

Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2013 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ» թեմային նվիրված 2 նամականիշ: Այն մարվելու է հատուկ դրոշմակնիքով:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակի հանձնման առիթով՝ ի պատիվ Թոնի Ֆադելի, Նախագահի նստավայրում երեկոյան կկազմակերպվի նաև ընդունելություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս