«Սիրիական հակամարտության հանգուցալուծում դեռ չեմ տեսնում». Սարգիս Գրիգորյան

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ Սաուդյան Արաբիայում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ Սաուդյան Արաբիայի թագավորի որդին իր դիրքերն ամրապնդում է դեպի իշխանություն. «Այնտեղ իշխանությունն անցնում է թագավորության հիմնադիրի որդիներին, բայց հիմա կարող է անցնել միապետի որդուն։ Ձերբակալվել են այն ֆիգուրները, որոնք բավական ազդեցիկ էին և մնացել էին ինքնուրույն»։

Ինչ վերաբերում է Լիբանանին, նա ասաց, որ Լիբանանի վարչապետը երկար ժամանակ վայելում էր Սաուդյան Արաբիայի վստահությունը. «Սաադ Հարիրիի հրաժարականը պայմանավորված էր Սաուդյան Արաբիայի հակաիրանական քաղաքականությամբ։ Սաուդական հակաիրանական քաղաքականությունն է ստիպում վերանայել տարածաշրջանը և վերադասավորումներ անել։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ Սաադ Հարիրին համաձայնել է տեղափոխվել Ֆրանսիա, և հավանաբար այդպես էլ կլինի»։

Թե ով կլինի Լիբանանի նոր վարչապետը, արաբագետը դժվարացավ ասել. «Լիբանանը հայտարարում է, որ սպասում են իրենց վարչապետին, բայց դա կախված կլինի նրանից, թե արդյո՞ք Սաադ Հարիրին համաձայնել է գնալ Ֆրանսիա, թե՞ ոչ, թե՞ դեռ իր մտքին կա՝ վերադառնալ Լիբանան։ Իմ կարծիքով՝ վարչապետը կփոխվի։ Լիբանանում երկրի նախագահը քրիստոնյա է, վարչապետը սուննի է, ԱԺ նախագահը շիա։ Սաուդյան Արաբիան այս ընթացքում տեսնում էր շիայական ուժերի ակտիվացում Լիբանանում»։

Սարգիս Գրիգորյանն ասաց, որ Լիբանանում իրավիճակը չի սրվի. «Լիբանանում ներքաղաքական լարվածությունը հաղթահարելու բավականին լուրջ փորձ ունեն։ Հետևաբար՝ սրացում չեմ տեսնում, բայց այս նեգատիվ ֆոնը դեռևս կպահպանվի մինչև նոր վարչապետի նշանակումը»։

Ինչ վերաբերում է սիրիական հակամարտությանը, ապա արաբագետը դեռ վաղ է համարում կոնֆլիկտի հանգուցալուծումը. «Դեռ վաղ է խոսել նաև «Իսլամական պետության» դեմ հաղթանակի մասին Սիրիայում։ Այս պահին գործ ունենք Սիրիայի հակամարտության նոր շրջափուլի հետ։ Տարբեր հատվածներում ակտիվ են տեղի և արտատարածաշրջանային ուժերը։ Ես սիրիական հակամարտության հանգուցալուծում դեռ չեմ տեսնում»։

Տեսանյութեր

Լրահոս