«Լիբանանը կարող է հիմնահատակ կործանվել». Արման Նավասարդյան
«Այսօր աշխարհաքաղաքական վիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համագործակցում են, որովհետև ամերիկյան քաղաքականությունը նրանց ստիպում է լինել միասին շատ խնդիրների լուծման շուրջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Թուրքիան և Ռուսաստանը, ըստ դեսպանի, Սիրիայից դուրս չեն բերի իրենց զորքերը, թեև ասվում է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարը մոտեցել է ավարտին. «Պայքարը ջիհադիստների դեմ վերջացած չէ, եթե անգամ Սիրիայում նրանց դեմ հաղթանակ տանեն»։
Հայաստանն այս իրավիճակում, նրա խոսքով՝ կարող է իր շահերն առաջ տանել, քանի որ ունի այդ հնարավորությունները. «Մենք ունենք թշնամի երկրներ, բայց ունենք նաև բարեկամներ։ Փոքր պետությունների քաղաքականությունը և դիվանագիտությունը միշտ ցույց են տալիս, որ ուղիներ կան, և հնարավոր է»։
Դեսպանի խոսքով՝ Հայաստանի հետ են կապված նաև Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները։ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 3-ին գնաց Սաուդյան Արաբիա և այնտեղից հայտարարեց իր հրաժարականի մասին, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց. «Հարիրին ասաց, որ իրեն և ընտանիքին սպառնում են ֆիզիկական հաշվեհարդար տեսնել։ Սպառնալիքը գալիս էր «Հիզբալլահ» կազմակերպությունից։ Ամբողջը կատարվում է շիա և սուննի կրոնների միջև, և այստեղ գործում են ամերիկյան ծրագրերը։ Մայիսին Թրամփը կոչ արեց շրջափակել Իրանը, և հիմա, փաստորեն, այդ կոչը կիրառվում է։ Սաուդյան Արաբիան և Իրանը պատերազմական գործողությունների չեն դիմում, առճակատման չեն գնում, և Հարիրիի գնալը Սաուդյան Արաբիա, կարող է ազդանշան լինել։ Հարիրին կարող է տրոյական ձիու դեր խաղալ այս գործողությունների մեջ, և հարվածը կարող է ուղղվել դեպի Լիբանան»։
Դեսպանի խոսքով՝ Լիբանանը կարող է հիմնահատակ կործանվել. «Մերձավոր Արևելքում ամենամեծ հայ համայնքը Լիբանանում է, և ամեն ինչ ավելի ցավոտ կարող է լինել, քան Սիրիայում։ Այն, ինչ չստացվեց անել Սիրիայի հետ, կարող է խոշոր խաղացողներն անեն Լիբանանի հետ»։