Կրթության որակի դասադուլը

Ուսանողական պայքարը դադար վերցրեց: Տարկետման հարցի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար ժամանակ կա: Ժամանակ կա նաև հասկանալու, թե իրենից ինչ է ներկայացնում Հայաստանի բուհական համակարգը, և ովքեր են մեր ուսանողները: Մինչ 90-ականների ժողովրդագրական ալիքի «հարվածը» մեր բուհական համակարգում ուսանողների քանակը գերազանցում էր 100 հազարը:

Վերջին տարիներին ուսանողների քանակը սահուն կրճատվում է. 2012/13 ուստարում բուհ ընդունվել է 21 հազար 342 ուսանող: Հաջորդ ուստարվանից առաջին կուրսեցիների թիվը մշտապես նվազում է: 2016/17 ուստարում, ըստ պաշտոնական վիճակագրության, բուհ ընդունվել է արդեն 17 հազար 649 ուսանող: Հետևաբար՝ նույն օրինաչափությամբ՝ շարունակական կրճատվել է նաև ուսանողների ընդհանուր թվաքանակը: 2012/13 ուստարվա 90 հազար 145 ուսանողի փոխարեն՝ 2015/16-ին մեր բուհերն ունեին 84 հազար 591 ուսանող:

Վիճակագրությունից պարզ է դառնում, որ հիմնականում ուսանողների կրթավարձերով ապրող ՀՀ բուհերը ֆինանսական առումով այսօր իրենց լավագույն օրերը չէ, որ ապրում են: Հարկավ, միայն ֆինանսական դժվարությունները չէ, որ անդրադառնում են կրթության որակի վրա: Կրթության որակի չափանիշերից կարելի է համարել պաշտոնական վիճակագրության հրապարակած «Օտարերկրյա ուսանողների թվաքանակը Հայաստանի բուհերում» ցուցակը: Այդ ցուցակի համաձայն՝ մեր բուհական կյանքում որոշակի կայունություն կա:

Վերջին տարիներին Հայաստանում մասնագիտացող ուսանողների քանակը բավական կայուն է` տարեկան 3 հազար 650-ից՝ 3 հազար 800 ուսանող: Բայց փորձագետները նշում են, որ պետք չէ օտարերկրյա ուսանողների քանակով որոշել մեր բուհական համակարգի որակը: Որովհետև մեր բուհերում սովորող օտարերկրյա ուսանողների մեծ մասը հայ է: Ավելին, նրանց ծնողների մի մասը երկքաղաքացիությամբ պահում են ՀՀ անձնագրեր:

Ասվածից բարդ չէ եզրակացնել, որ օտարերկրյա ուսանողներ հաշվառվողների մոտ մեկ երրորդը Ռուսաստանի քաղաքացի ուսանողներ են: Եթե գումարենք նաև Վրաստանից ժամանած հայ ուսանողներն (մոտ 900 մարդ), ապա կհասկանանք, որ «Օտարերկրյա ուսանողներ» արտահայտությունն ահագին հարաբերական է իր իմաստով ու բովանդակությամբ: Հատկապես, որ վերջին տարիներին քաղաքացիական պատերազմի հետևանքով կտրուկ աճել է (2,5 անգամ) Սիրիայի քաղաքացի ուսանողների քանակը: Բայց տասնամյակներ շարունակ մեր բուհական համակարգը որոշակի դրական համբավ ուներ մի շարք երկրներում:

Առաջին հերթին՝ Իրանում, Հնդկաստանում: Այս երկրների ցուցանիշները խիստ հակասական արդյունքներ են արձանագրել: Իրանցի ուսանողների քանակը վերջին հինգ տարում կրճատվել է 2,7 անգամ: Փոխարենը՝ աճել է հնդիկ ուսանողների քանակը (2016-ին մեր բուհերում սովորում էր 918 հնդիկ ուսանող): Նախքան մեր ուսանողների դասադուլները հայաստանյան բուհական համակարգը միջազգային լրատվությունում հիշատակվել էր Իսրայելի կառավարության հայտարարություններում:

Իսրայելում արձանագրել էին, որ Եվրոպայի տարբեր երկրների բժշկական բուհերում իրենց երկրի ուսանողները դուրս մնալուց հետո «տեղափոխվում» են հայաստանյան բժշկական բուհեր, և առանց լուրջ կրթություն ստանալու՝ դիպլոմ ստանում: Մեր կրթության ոլորտի ղեկավարները, իհարկե, ձևացրեցին, որ երևույթն իրենց անծանոթ է, ու ինչ-որ բան ձեռնարկելու խոստումների պես բան ասացին:

Իսրայելական իշխանությունները հայտարարեցին, որ չեն ճանաչելու մեր կրթական համակարգի «շնորհած» դիպլոմները: Այդպես կասկածի տակ վերցվեց ոչ միայն բժշկական, այլև ՀՀ բոլոր բուհերի որակը: Թե ինչ քայլեր ձեռնարկեցին մեր իշխանավորները, պարզ չէ:

Բայց մեր պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ իսրայելական կողմի հայտարարություններն անհետևանք չանցան: Այդ երկրի ուսանողներն արդեն հետաքրքրված չեն մեր երկրում տրվող (կամ` վաճառվող) դիպլոմներով: 2013թ. Հայաստանում սովորում էր 33 իսրայելի քաղաքացի ուսանող, 2014-ին` 91, 2015-ին` 93 ուսանող: Իսկ վերոհիշյալ հայտարարությունից հետո իսրայելցի ուսանողների քանակը 2016-ին 5 մարդ էր: Ահա այսպիսի որակական փառահեղ ցուցանիշների պարագային մեր ուսանողները պայքար են սկսել հանուն գիտության անաղարտության, կամ «վասն գիտության անընդհատականության»:

Ուսանողների պայքարն ինչ-որ իմաստով բուհական իրականության արտացոլումն է: Վերջին տարիներին մեր բարձրագույն կրթության ոլորտը խորհրդային տարիներին ձևավորված տենդենցներից դուրս չի գալիս: Որքան էլ որ հերթական կառավարությունը հերթական անգամ տեղեկատվական ոլորտը հայտարարի գերակա, միևնույն է, մեր բարձրագույն կրթության ոլորտում ոչինչ չի փոխվում: 2016/17 ուստարում մեր բուհերը 19 հազար 36 մարդու բակալավրի դիպլոմ են շնորհել:

«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ» ոլորտում մասնագիտացել է 898 մարդ: Շա՞տ է, թե՞ բավարար` հաշվեք ինքներդ:

Տեսանյութեր

Լրահոս