«Չկա նման բան, ոչ մի զիջման մասին խոսք չկա». Արգամ Աբրահամյան
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը, հերքում է շրջանառվող լուրերը, որ Աբրահամյանները դիրքերը զիջել են, և նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները վերջակետել են նրանց տիրապետությունը:
«Չկա նման բան, ոչ մի զիջման մասին խոսք չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ա.Աբրահամյանը:
Ըստ նրա` ՏԻՄ ընտրությունների ժամանակ Արտաշատում իրենց համար ընդունելի թեկնածու է եղել, և սատարել են նրան:
Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանը, որն Արգամ Աբրահամյանի՝ պատգամավոր ընտրվելուց հետո նշանակվել էր Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:
Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը հայտարարել էր, որ ունենալու են իրենց թեկնածուն, սակայն հետագայում հրաժարվել էր այդ մտքից՝ ասելով միայն, թե ՀՀԿ-ի թեկնածուն ընդունելի է նաև իրենց համար:
Ըստ մամուլի հրապարակումների` Արտաշատի «հարակից» Նշավան գյուղում «ասողն» Արգամիչի փեսան է եղել` Հարկայինի բարձրաստիճան չինովնիկ Վահան Մամիկոնյանը, որը սատարել է իր հորաքրոջ տղային՝ Նշավանի գործող գյուղապետ Պապ Հակոբյանին։ Վերջինս 3 ձայնով պարտվել է ՀՀԿ-ական Մյասնիկ Հովհաննիսյանին: