
Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում

Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանը որոշում է ընդունել ընդգրկելու Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանները ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում:
Հայաստանի Հանրապետության կողմից` Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ ներկայացված «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի, հայտնի՝ որպես Կոմիտաս վարդապետ (1869-1935թթ.), ծննդյան 150-ամյակը», և Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ներկայացված «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923թթ.) ծննդյան 150-ամյակը» խորագրով հայտերը ստացել են կազմակերպության հավանությունը:
Արտգործնախարարության Մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ 1998 թվականից առ այսօր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի կողմից ներկայացված 23 հոբելյանական տարեթիվ:
Նախորդ երկամյակի համար հաստատվել էին Հայաստանի կողմից ներկայացված «Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350-ամյակը» և «Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) ծննդյան 200-ամյակը» հայտերը: