Մարզիչն ու ֆուտբոլիստները՝ հավաքականի հաղթանակի մասին
Հայաստանի ազգային հավաքականը դրական նոտայի վրա ավարտեց ֆուտբոլային տարին: Վերջին ընկերկան հանդիպումները մեր ընտրանին անցկացրեց վստահ խաղով և գոլառատ հաղթանակներով:
Կիպրոսի ընտրանու հետ հանդիպումը բավականին դրական ստացվեց. հավաքականը մեկը մյուսի հետևից գեղեցիկ գոլեր էր խփում, հրաշալի դուրս էր գալիս պաշտպանությունից և գրագետ ֆուտբոլ էր ցուցադրում:
Չնայած խաղավերջոմ Արսեն Բեգլարյանի թույլ տված սխալին՝ հավաքականը կարողացավ վստահ խաղով 3 գոլ խփել և ընդգծել իր առավելությունը այս խաղում:
Խաղից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը զրուցել է լրագրողների հետ: Վերջինս գոհ էր խաղից: Նա նշում է, որ հավաքականի ֆուտբոլիստները ստեղծեցին մի շարք պահեր և իրականացրին այն, ինչ ծրագրել էին: Արթուր Պետրոսյանը նշում է այն փաստը, որ թիմում շատ են աշխատում ստանդարտների վրա և դա է պատճառը, որ գոլերը խփվեցին ստանդարտներից: Հավաքականի մարզիչը գոհ է նաև նորեկներից:
«Կարծում եմ՝ հիմա ճիշտ ուղու վրա ենք»,- նշում է Պետրոսյանը:
Հավաքականի հիմնական խնդիրը հիմա էլ մնում է դարպասապահի դիրքը: Այս խաղում կրկին հնարավորություն ստացավ Արսեն Բեգլարյանը: Բացի Բեգլարյանից, հավաքական էին հրավիրվել Գոռ Մանուկյանն ու Արման Մելիքսեթյանը: Մարզիչը նշում է, որ այս երկու դարպասապահները հավաքի ընթացքում չհամոզեցին, որ հոգեբանորեն պատրաստ են հավաքականում խաղալուն: Ի սկզբանե նախատեսված է եղել փրձարկել այս երկու դարպասապահներին: Ըստ մարզչի՝ այս պահին Հայաստանում լավագույնը Արսեն Բեգլարյանն է, սակայն դա չի նշանակում, որ Բեգլարյանն արդեն ապահովել է իր տեղը հավաքականի կազմում:
Արթուր Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում հավաքականի մարզչական կազմում փոփոխություն չի սպասվում:
Հավաքականի ֆուտբոլիստները նշում են, որ ընկերական խաղերում այս հաղթանակները շատ կարևոր են հոգեբանական տեսանկյունից:
Կիպրոսի հետ խաղում երկրորդ գոլի հեղինակ Վարազդատ Հարոյանը նշում է, որ կապ չունի, որ խաղը ընկերական բնույթի էր, քանի որ հաղթանակը հաղթանակ է ամեն դեպքում:
Հարոյանը խաղից առանձնացրել է հատկապես այն, որ առաջին անգամ կրում էր ավագի թևկապը: Մխիթարյանի փոխարինումից հետո հենց Հարոյանը դարձավ հավաքականի ավագը: Մեր պաշտպանը համարում է, որ հավաքականում ավագի թևկապը կրելը մեծ պատիվ է: Հարոյանը գոլը նվիրեց կնոջը, ով խաղին հետևում էր մարզադաշտից:
Խաղում իրեն շատ լավ դրսևորեց Էդգար Մալաքյանը, ով դաշտ էր դուրս եկել առաջին րոպեներից: Մալաքյանը նշում է, որ խաղը դրական էր և դուր եկավ բոլորին:
Հավաքականի ավագ Հենրիխ Միթարյանը խաղից հետո չի արել մեկնաբանություններ: Հենրիխը խաղից հետո գրառում է արել սոցիալական ցանցերում՝ նշելով, որ հավաքականի կազմում խփել է իր 25-րդ գոլը:
2017 թվականին հավաքականը չի ունենա ընկերական հանդիպումներ: Հաջորդ հանդիպումները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան գարնանը: Ընկերական խաղերով հավաքականը կպատրաստվի Ազգերի լիգային:
Սիրարփի Աղաբաբյան