
Իրանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 445-ի

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 445-ի, իսկ վիրավորներինն անցել է 7100-ը: Այս մասին տեղեկացնում է Press TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին:
7.2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Իրանի և Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաղդադից 204 կիլոմետր հյուսիս-արևելք և Քերմանշահ իրանական քաղաքից 104 կիլոմետր արևմուտք ընկած շրջանում:
Իրանում և Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալների համաձայն՝ իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան:
ՀՀ ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ:
Բնական աղետի կապակցությամբ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: