Հանրային խորհուրդը զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի հետ կապված առաջարկներ է ներկայացրել ՊՆ-ին
Հանրային խորհրդում այսօր՝ նոյեմբերի 13-ին, տեղի է ունեցել քննարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ օրենքով նախատեսվող տարկետման իրավունքի խիստ սահմանափակումը դժգոհության առիթ է ստեղծել հասարակության, հատկապես ուսանողության որոշ շերտերում:
Ինչպես տեղեկացնում են խորհրդից, քննարկմանը ներկա են գտնվել ՀՀ Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Մոնթե Մաթևոսյանն ու Գեղամ Ասատրյանը:
Քննարկման մասնակիցներն անդրադարձել են օրենքի նախագծի խնդրահարույց դրույթներին՝ հայտնելով տարբեր տեսակետներ ու առաջարկներ: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները բարձրաձայնել են ուսանողներին հուզող հարցերի մասին ու ներկայացրել իրենց առաջարկները: Վերջիններս նաև հարցադրումներ են ուղղել ՊՆ ներկայացուցչին և ստացել որոշակի պարզաբանումներ:
Քննարկման առանցքում շոշափված հիմնական հարցերը վերաբերել են զինվորական ծառայության ոլորտում սոցիալական արդարության վերականգնմանը, ուսումնական պրոցեսի շարունակականության ապահովմանը և գիտության զարգացմանը, բանակի արդիականացմանը, կրթական համակարգի բարեփոխումներին և այլ խնդիրների:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ՀՀ Հանրային խորհուրդը նախ հավանության է արժանացրել ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, ապա հանդես եկել ՀՀ Պաշտպանության նախարարությանն ուղղված հետևյալ առաջարկներով.
1. Երեք ամսվա ընթացքում ուսումնասիրելով այլ երկրների փորձը՝ բանակի և Ռազմարդյունաբերական համալիրի կարիքներն ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերում հիմնել գիտատեխնիկական ստորաբաժանումներ, որոնք հնարավորություն կտան նաև համապատասխան գիտելիքներ ունեցող երիտասարդներին իրենց ծառայությունն անցկացնելու այդ ստորաբաժանումներում՝ չկտրվելով իրենց մասնագիտությունից, միաժամանակ նպաստելով ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը:
2. Հաշվի առնելով որոշ երկրների փորձը՝ ՀՀ զինված ուժերում հիմնել արվեստի ոլորտի խմբեր (նվագախմբեր, երգչախմբեր, թատերական խմբեր և այլն), որոնք ոչ միայն անհրաժեշտ կլինեն բանակին, այլև հնարավորություն կտան այդ ոլորտներն ընտրած երիտասարդներին չկտրվելու իրենց մասնագիտությունից և զարգացնելու դրանք զինվորական ծառայության ընթացքում:
3. «Պատիվ ունեմ» ծրագրով նախատեսվող դրույթում, ըստ որի ուսանողները հնարավորություն կունենան ռազմական բուհերում շաբաթ օրերին մասնակցելու ռազմական պատրաստության դասընթացի, նախատեսել նաև շաբաթ օրերի փոխարեն կիսամյակի ավարտին միանգամից այդ դասաժամերը լրացնելու տարբերակ, ինչն առավել արդյունավետ ու իրատեսական կարող է լինել հատկապես մայրաքաղաքից դուրս գտնվող բուհերի ուսանողների համար:
4. Քննարկել Հայաստանի Հանրապետության տարածաշրջանները՝ այդ թվում սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերը, համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող նպատակային ուսուցման համակարգի հետագա ընթացքը, քանի որ նախկինում այդ կարգով բուհ ընդունվողները նույնպես օգտվում էին տարկետման իրավունքից:
5. Հիմնել հատուկ ստորաբաժանումներ, որտեղ 6-ամսյա պարտադիր զինվորական պատրաստություն անցնելու հնարավորություն կունենան բոլոր այն անձիք, որոնք տարբեր պատճառներով (բացառությամբ առողջական իրավիճակից) ծառայություն չեն անցել ՀՀ զինված ուժերում:
Հաշվի առնելով, որ այս և բազմաթիվ այլ առաջարկներ կարգավորվելու են ՀՀ կառավարության և ՊՆ որոշումներով՝ ՀՀ Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել օրենքն Ազգային ժողովում քննարկելուց և վերջնական տեսքով ընդունելուց հետո հատուկ հանդիպում կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ և քննարկել այդ առաջարկները՝ նպատակ ունենալով օրենքի կիրառումը արդյունավետ դարձնել ինչպես ՀՀ զինված ուժերի, այնպես էլ կրթության և գիտության ոլորտների զարգացման համար: