
ՍԱՊԾ-ն կուսումնասիրի պտուղ-բանջարեղենի շուկան

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանրապետության ողջ տարածքում ուսումնասիրություններ կկատարի պտուղ-բանջարեղենի շուկայում՝ իրացվող պտուղ-բանջարեղենի ծագումը պարզելու և սպառողներին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Միջոցառումների արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի վերջին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, հաշվի առնելով պտուղ-բանջարեղենի իրացման ծավալների աճը նախատոնական ամիսներին՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն էլ ավելի է ուժեղացնում դրանց նկատմամբ թե՛ պետական սահմանային, թե՛ իրացման շուկայում վերահսկողությունը: Նոյեմբերի 13-ին Ծառայության բոլոր մարզային կենտրոնների և սահմանային հսկիչ կետերի ղեկավարներին ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը համապատասխան հանձնարարականեր է տվել այս մասին՝ մանրամասնելով գործողությունների շրջանակը և ներկայացնելով հարցաթերթիկը, որի միջոցով իրականացվող հարցումներով մասնագետները կկարողանան պարզել շուկայում իրացվող պտուղ-բանջարեղենի ծագումը, արտադրման-ներկրման հարաբերակցությունը, ինչպես նաև հետագծելիությունը:
Ստացված արդյունքները և դրանց վերլուծությունը հիմք կհանդիսանան հաջորդ տարի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախատեսվող՝ իրացվող պտուղ-բանջարեղենի շուկայում լայնածավալ մոնիտորինգային ծրագրերն իրագործելիս առավել խոցելի ուղղությունները թիրախավորելու համար: Այդ շրջանակներում կկատարվի ավելի քան 500 նմուշի փորձաքննություն՝ պտուղ-բանջարեղենի մեջ մնացորդային նյութերի և ԳՁՕ-երի նկատմամբ: