
Գրեթե վեց հազար մարդ է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժից

Գրեթե վեց հազար մարդ է տուժել Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, զոհերի թիվը գերազանցում է 340-ը: Այդ մասին հայտնել է հանրապետության ճգնաժամային իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Իսմայիլ Նաջարը:
Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ երկրաշարժի հետեւանքով զոհվել է 350 մարդ, շուրջ 4 հազար բնակիչներ վերքեր են ստացել: «Ներկայում հաղորդվել է 341 զոհվածների եւ 5 հազար 953 վիրավորների մասին: Մարդկային զոհերի թիվը, ուշադրության առնելով երկրաշարժի ընդգրկած տարածքի մեծությունը եւ ավերածությունների աստիճանը, հավանաբար, կավելանա»,-հայտարարել է Նաջարը, որի հաղորդագրությունը հրապարակված է գերատեսչության կայքում:
7,2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Իրանի եւ Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաղդադից 204 կիլոմետր հյուսիս-արեւելք եւ Քերմանշահ իրանական քաղաքից 104 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում: