«Չեմ բացառում, որ խոչընդոտներ կլինեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հարցում». Հովհաննես Իգիթյան

Միջազգային հարցերով փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն անկապ սկզբունքներից բաղկացած փաստաթուղթ չէ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ շրջանակային համաձայնագրով ՀՀ-ն ստանձնում է պարտավորություն՝ իրականացնել մեր Սահմանադրության մեջ նշված կետերը և ստանձնած միջազգային պարտավորությունները, իսկ ԵՄ-ն, ըստ Իգիթյանի՝ պատրաստակամություն է հայտնում ցույց տալ էֆեկտիվ ճանապարհը, թե ինչպես դա իրականացնել, և պատրաստ է որոշ դեպքերում աջակցել խորհուրդներով կամ ֆինանսավորել։

«Փաստաթուղթը կա, ՀՀ-ն նախաստորագրել է, դա նշանակում է, որ կողմերը, և հատկապես՝ Հայաստանը, որևէ խոչընդոտող սկզբունք այնտեղ չեն տեսնում։ Փաստաթղթի այն մասը, որը համապատասխանում է մեր շահերին, կարող ենք սկսել հիմա, և որոշ կետեր արդեն սկսել ենք․ ԵՄ-ն մեզ արդեն ֆինանսավորում է։

Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի առումով Հայաստանը չպետք է սպասի փաստաթղթի վավերացմանը, հետո նոր սկսի պայքարել այդ բացասական երևույթի դեմ։ Մենք գիտենք, թե մյուս երկրներն ինչպես են կոռուպցիան վերացրել։ Կամ ներդրումներից բոլորն են խոսում, բայց դրանց համար երեք սկզբունք պետք է լուծված լինի․կոռուպցիան, ներդրումային ինստիտուցիոնալ հնարավորությունները, որոնք կապված են օրենսդրական ակտերի հետ, և մտավոր սեփականության խիստ կիրառումը»,- ասաց նա։

Իգիթյանը չի բացառում, որ խոչընդոտներ կլինեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հարցում.

«Ուկրաինան երբեք չէր սպասում, որ ամենամեծ պրոբլեմը Հոլանդիայից կունենա։ Ես չեմ բացառում, որ ինչ-ինչ պատճառներով այս կամ այն երկիրը կօգտագործի ստորագրման ձգձգումը, թեկուզ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ, ի վերջո, այդ երկրի հարկատուն պետք է ֆինանսավորի որոշ գործընթացներ, որոնք պետք է կատարվեն մի այլ երկրում։ Այս հարցը զգայուն ձևով է արտահայտվում ԵՄ երկրներում»։

Տեսանյութեր

Լրահոս