Բաժիններ՝

Նիստը հետաձգվեց

Այսօր ժամը 18:00-ին նշանակված էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ներառված էին նաև «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծերը (երկրորդ ընթերցում):

Սակայն տևական ժամանակ նիստը չէր սկսվում` քվորումի բացակայության պատճառով: Հանձնաժողովի 11 անդամներից ներկա էին միայն ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը, ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը և «Ելք»-ից Սասուն Միքայելյանը:

Լրագրողներից մեկը փոխանցեց տարկետման իրավունքի դեմ ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդների խնդրանքը` մի քանի հոգու ներս թողնել` նիստին մասնակցելու և իրենց առաջարկները ներկայացնելու համար, սակայն հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին փոխարինող Ալիկ Սարգսյանը մերժեց:

«Աժ կանոնակարգում հստակ գրված է, թե ով իրավունք ունի մասնակցել: Ես իրավունք չունեմ նման որոշում կայացնել: Գործող կանոնակարգ գոյություն ունի, որից դուրս ես իրավունք չունեմ գործել»,- ասաց Ա.Սարգսյանը` նույն հիմնավորմամբ մերժելով նաև նույն հարցով իրեն դիմած «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանին:
Ըստ նրա` նաև իրավունք չկա քվեարկության դնելու մի հարց, որը րոպե առաջ է ներկայացվել:

Ի վերջո, 20 րոպե սպասելուց հետո Ա.Սարգսյանը հայտարարեց նիստը հետաձգելու մասին: Նա նշեց, որ հանձնաժողովի անդամների ¼-ը պետք է ներկա լինեին, որպեսզի նիստը կայանար: Նույն օրակարգով նիստը կկայանա երկուշաբթի օրը, ժամը 11:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս