«Տնտեսական և հոգեբանական բռնություն տերմիններն ենք մտցրել, որ ստամբուլյան հռչակագրում չկա». Միհրան Հակոբյան
Եվրոպական կառույցներում հետաքրքրվում են Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրինագծի ճակատագրով: Ինչպես այսօր ԱԺ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով երեկ է վերադարձել Ստրասբուրգից, Եվրախորհրդարանի գործընկերները նույնպես հարցրել են, թե ի՞նչ իրադրություն է՝ օրենքի հետ կապված:
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը հայտարարեց, որ նախագծում բազմաթիվ խնդիրներ կան: Ըստ նրա` օրինագիծը բխում է ստամբուլյան հռչակագրից, բայց Հայաստանն այն չի ստորագրել:
«Գուցե Ստամբուլյան հռչակագիրը ստորագրենք և վավերացնե՞նք, հետո՞ սա ընդունենք: Տնտեսական և հոգեբանական բռնություն տերմիններն ենք մտցրել, որ ստամբուլյան հռչակագրում չկա, և չենք կարողանում հստակ բացատրել, թե ի՞նչ է դա նշանակում»:
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ օրինագծի մասին հնարավոր կլինի խոսել լուրջ լրամշակումից հետո, քանի որ նախագիծն էական փոփոխության պետք է ենթարկել: