ԵՄ առանձին երկրներ մտավախություն ունեն և որոշակիորեն ձգձգում են ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման հետ կապված ռեալ բանակցային փուլը

«Հաշվի առնելով մեր արտագաղթի խայտառակ տեմպերը, որ մարդիկ ինչի ասես դիմում են երկիրը լքելու համար, այդ թվում` ադրբեջանցու ազգանուն վերցնելով, այսինքն` այդ մտահոգությունը կա եվրոպական որոշ, նաև՝ մեզ շատ բարեկամ երկրի մոտ, և դա է պատճառը, որ այս պահին գոնե որոշակի ընթացակարգեր պետք է ճշտվեն, մասնավորապես` ռեադմիսիայի համաձայնագիրն առանձին երկրների հետ կրկին քննարկելն ու ընդունելն է, որպեսզի մենք կարողանանք վիզայի ազատականացման շուրջ բանակցություններ սկսենք: Իհարկե, խնդիրներ կան, և ես կարծում եմ, որ ավելի քիչ չի լինելու այն մարդկանց թիվը, քան Վրաստանում, որ կօգտվեն այս լյուֆթից, այս հնարավորությունից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը խնդիրներ չի՞ ունենա ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման հարցում, հաշվի առնելով Վրաստանի փորձը, որ վիզաների ազատականացումից հետո Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ գնացին և խախտեցին շենգենյան գոտու ռեժիմը:

Ըստ Ն.Զոհրաբյանի` հենց այդ մտավախությունն է ընկած Եվրոպական միության առանձին երկրների մոտ, այդ թվում` Ֆրանսիայի, որ նրանք որոշակիորեն կարծես ձգձգում են վիզաների ազատականացման հետ կապված ռեալ բանակցային փուլը, որովհետև Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի օրինակով իրենք արդեն տեսան, որ կիրարկման փուլում որոշակի խնդիրներ է առաջացնում հենց տվյալ երկրների համար:

Տեսանյութեր

Լրահոս