Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանը Տավուշի մարզում անդրադարձել է «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին

Նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ:

Այցի շրջանակում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, ԶՈՒ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի և բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, դիտարկել մարտական հերթապահության իրականացման պայմանները: Պաշտպանության նախարարը ծանոթացել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի աջակցությամբ մարտական հենակետերում և խրամախորշերում իրականացված լրակահավորման և վերամրակցման աշխատանքներին:

Տավուշի մարզ այցելության հաջորդ կանգառը եղել է սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքը: Բնակիչների հետ հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ սահմանամերձ համայնքները մշտապես պետության ուշադրության կենտրոնում են, և արվում է հնարավորը՝ առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Հենց այդ նպատակով է ստեղծվել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման միջգերատեսչական հանձնաժողովը:

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, ներկայացրել դրանց նպատակներն ու ակնկալվող արդյունքները: «Մեր կողմից առաջարկվող ծրագրերն իրոք շատ են և դրանց իրականացման համար անհրաժեշտ է մեր ժողովրդի համախմբվածությունը, ուժը, վճռականությունը և իհարկե՝ բոլոր հնարավոր գայթակղություններից և կողքից հնչող չար բամբասանքներից հեռու մնալը»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով հասարակական լայն հնչեղություն ստացած «Պատիվ ունեմ» ծրագրի դրույթներին և առավելություններին՝ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ չնայած տարատեսակ շահարկումներին, պաշտպանական գերատեսչության խնդիրն է որակական նոր հարթության վրա դնել զորակոչային գործընթացը՝ այլընտրանքային զինվորական ծառայության տարբերակներ առաջարկելով երիտասարդներին:

«Առաջարկվող ծրագրերը մեծ առավելություն են տալու երիտասարդներին՝ թույլ տալով նրանց ծառայության ընթացքում ոչ միայն պահպանել մշտական կապը հարազատների հետ, այլև ստանալ ֆինանսական փոխհատուցում, միևնույն ժամանակ ծառայության տարիներն օգտագործել ի նպաստ իրենց ապագայի կառուցման: «Պատիվ ունեմ» ծրագիրը, որն այս օրերին բուռն քննարկումների առիթ է տվել, նաև այստեղ ներկա երեխաների համար է, ովքեր ապագայում, ծրագրի շնորհիվ, կարողանալու են պետության կողմից ամբողջությամբ փոխատուցված անվճար բարձրագույն կրթություն ստանալ և՛ բակալավրիատուրայում և՛ մագիստրատուրայոմ, ծառայել ոչ թե որպես շարքային, այլ որպես սպա 3 տարի ժամկետով, այնուհետև վերադառնալ իրենց քազաքացիական կյանքին»,- ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Սահմանամերձ համայնքի բնակչության հետ անմիջական զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը պատասխանել է նաև նրանց հուզող հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին զորակոչային գործընթացի շրջանակում նախատեսվող փոփոխություններին:

Ներքին Կարմիրաղբյուր համայնք կատարած այցի ավարտին պաշտպանության նախարարը մասնակցել է նաև Լևոն Ադամյանի անվան միջնակարգ դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին:

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մասնակցել է «Դպրոց կենտրոնների միության» նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը, որին մասնակցում էինհանրակրթական դպրոցների տնօրեններ՝ հանրապետության բոլոր մարզերից:

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանն անդրադարձել է պաշտապանական համակարգում, մասնավորապես՝ «Զինապարտության մասին» օրենքով նախատեսվող հայեցակարգային փոփոխություններին, զորակոչային գործընթացի շրջանակում զորակոչիկներին տրվող բովանդակային մի շարք արտոնություններին: Ի պատասխան հանդիպման մասանակիցներից մեկի այն մտահոգությանը, թե ինչու է նոր օրենսդրությամբ վերացվում 150 կմ շառավղով հեռավորության վրա գտնվող զորամասում ծառայելու արտոնությունը, պաշտպանության նախարարը փաստել է, որ նշյալ արտոնությունը առավելապես ձևական բնույթ է կրում, իսկ այժմ, նոր օրենսդրությամբ, նորովի կարգավորվում է զորակոչիկներին տրվող արտոնությունների գաղափարն ու բովանդակությունը:

Հանդիպման մասնակիցների խնդրանքով պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև նախօրեին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց մի խումբ ուսանողների կողմից հայտարարված դասադուլի հնարավոր պատճառներին և հետևանքներին՝ ընդգծելով, որ ժողովրդավարությունը ենթադրում է կարծիքների փոխանակում, երբեմն նաև բախում, սակայն միևնույն ժամանակ ենթադրում է որոշումների կայացում մեծամասնության դիրքորոշմամբ:

ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կատարած այցի ավարտին պաշտպանության նախարարը մասնակցել է նաև «Հայ զինվորը» խորագրով պաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառմանը և պարգևատրել հաղթողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս