«Մենք համապատասխան պատասխանն արդեն ուղղել ենք այդ «անհանգիստներին». Վահրամ Բաղդասարյանը` ՀՀ դեմ ՄԱԿ միջազգային դատարանին ուղղված հայցի մասին
«Մենք համապատասխան պատասխանն արդեն ուղղել ենք այդ «անհանգիստներին: Ինձ թվում է` այդ քաղաքական գործիչները` Մարկովի գլխավորությամբ, լավ չեն տիրապետում պատմությանը, իրավիճակին, և մենք բավականին փաստաթղթեր, ոչ թե հատուկ հաշվետվություն ենք տվել, այլ պարզապես՝ ի գիտություն, որ իմանան՝ ում մասին է խոսքը գնում: Դա մեր ներքին խնդիրն է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով օրերս Քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովի հայտարարությունը, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների, Ռուսաստանի Հանրային պալատի անդամների, փորձագետների և իրավաբանների խումբը միավորվում է աշխատանքային խմբում՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի համար դիմում պատրաստելու նպատակով, այդ թվում` Հայաստանի դեմ:
Ըստ Վ.Բաղդասարյանի` մենք ենք գնահատական տալիս մեր հերոսներին և մեր անցյալին. «Եվ մենք մեր գնահատականին տեր ենք»:
Հիշեցնենք, որ աշխատանքային խմբի ղեկավար Սերգեյ Մարկովը հայտարարել էր, թե երկրների թվում, որոնց դեմ պահանջներ կներկայացվեն ՄԱԿ-ի Միջազգային դատարանում, Հայաստանն էլ է: «Հենց Հայաստանում գնալով ավելի հաճախ են հարցնում՝ արդյո՞ք Գարեգին Նժդեհի և Դրաստամատ Կանայանի հիշատակի հավերժացումը ֆաշիզմի կամակատարների հերոսացում չէ: Մենք հայ գործընկերներին կոչ ենք անում հանել Նժդեհի հուշարձանը: Այլապես չարժե Ռուսաստանին դիմել օգնության համար, պաշտպանության համար Հայոց ցեղասպանության հարցում, եթե այդպիսի մարդկանց հուշարձաններ են հայտնվում Հայաստանում»,- հայտարարել էր նա: Աշխատանքային խմբի անդամներն իրենց գործունեության հիմք են վերցնում նացիզմի հերոսացման դեմ խնդրագիրը, որն ամռանը տարածվել է համացանցի ռուսական հատվածում: