ՌԿԿ-ը նախագահական ընտրություններին առաջադրելու է Գենադի Զյուգանովի թեկնածությունը
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովը տեղեկացրել է, որ իրեն, որպես կուսակցության առաջնորդի, կուսակցական կազմակերպություններն առաջադրել են նախագահի թեկնածու, սակայն վերջնական որոշումը կընդունի համագումարը: «Ընտրություններին վերաբերվում ենք շատ լուրջ և անպայման կմասնակցենք: Մենք ունենք պատրաստի ծրագիր՝ «Արժանապատիվ կյանքի 10 քայլ» խորագրով: Եվ այդ ծրագիրը կարող է իրականացվել ուժեղ թիմով, դրա համար էլ հստակ կազմը կհրապարակենք հետո: Բայց կմասնակցենք ուժեղ թիմով: Ես շարժման առաջնորդն եմ: Իմ թեկնածությունն առաջադրել են բոլոր կազմակերպությունները»,- ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, ասել է Զյուգանովը՝ ռուսական Առաջին ալիքի եթերում:
Կուսակցական համագումարը նախատեսված է դեկտեմբերին: Այն նվիրված կլինի 2018 թվականի նախագահական ընտրություններին և տեղի կունենա նախընտրական քարոզչություն անցկացնելու մասին պաշտոնական հայտարարությունից հետո:
Ռուսաստանում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018-ի մարտին, նախընտրական արշավը պետք է մեկնարկի դեկտեմբերին:
Առաջադրվելու ծրագրերի մասին արդեն հայտարարել են Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, հեռուստամեկնաբան Քսենիա Սոբչակը և լրագրող Եկատերինա Գորդոնը: «Յաբլոկո» կուսակցությունը որոշել է հանդես գալ իր թեկնածուով՝ ի դեմս Գրիգորի Յավլինսկիի: