
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվելու է». Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ հիմա Ռուսաստանը խոչընդոտ չի հանդիսանում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը։ «2013թ. սեպտեմբերի 3-ի դասերը քաղել են բոլորը, այդ թվում՝ ռուսները, և ես համոզված եմ, որ մերոնք վաղուց ՌԴ-ի ու ԵՏՄ-ի հետ քննարկել են այդ հարցը։ Ես համոզված եմ, որ պայմանագիրը ստորագրվելու է, ուղղակի չեմ կարող հստակ ասել, թե երբ կստորագրվի։ Բայց դա արդեն էական չէ, դա արդեն տեխնիկական խնդիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը ևս խոչընդոտներ չի տեսնում. «Եթե երկարաձգվի այդ համաձայնագրի ստորագրումը, ապա դա ոչ այնքան ՌԴ-ի ազդեցությունը կարող է լինել, որքան մեր իշխանությունների հապաղումները և առկա անհամապատասխանությունների վերացումը։ Մենք անընդհատ նշում ենք, որ ՌԴ-ն մեզ խոչընդոտում է դեպի Արևմուտք ինտեգրացիայի առումով, և դա աշխարհաքաղաքական տեսանկյունից հասկանալի է, բայց իմ կարծիքով՝ մեր իշխանական վերնախավը ևս չի շտապում ինտեգրվել եվրոպական տնտեսական և քաղաքական դաշտին, որովհետև այնտեղ իրենց շատ ավելի մեծ մարտահրավերներ և սպառնալիքներ են սպասվում, քան մեզ՝ շարքային քաղաքացիներիս»։