
Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ.
«Ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, անվանի բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի մահվան մասին:
Տասնամյակներ շարունակ ղեկավարելով Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, Ալեքսանդր Գրիգորյանը՝ որպես բեմարվեստի իսկական նվիրյալ, մշտապես կարևոր ներդրում է ունեցել մայրաքաղաքի մշակութային կյանքի հարստացման և աշխուժացման գործում: Նրա բեմադրությունները բարձր են գնահատվել թատերական տեսաբանների և սիրվել հանդիսատեսի կողմից:
Մեծ է կորուստը մեր թատերարվեստի ոլորտի և, ընդհանրապես, մշակույթի համար: Երևանյան իրական մթնոլորտ ստեղծողներից և կրողներից մեկը՝ Ալեքսանդր Գրիգորյանը, ուրույն կերպով ու տեսակով միշտ կմանա մեր հուշերում:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գրիգորյանների ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու մտերիմներին, ինչպես նաև անվանի արվեստագետի բոլոր երկրպագուներին»: